Մատչելիության հղումներ

«Պիտի իմանանք ով սպանեց մեր էրեխուն ու թոռանը». Վեդիում մահացած ծննդկանի հարազատները արդարություն են պահանջում


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ծննդատուն մեկնելուց առաջ Քնարիկը ամեն ինչ գնել-պատրաստել էր ապագա դստեր համար. լոգանքի պարագաներից մինչև հագուստ ու աչքի ուլունք։ Նրա հարազատները հիմա արցունքով են ցույց տալիս այս ուրախ նախապատրաստությունը։ Ո՛չ Քնարիկը, ո՛չ էլ երեխան ծննդատնից չեն վերադարձել։

Քնարիկը Վեդի հարս է եկել հարևան Ուրցաձորից, սա իր երրորդ հղիությունն էր, 6-ամյա աղջիկ ու 8 տարեկան էլ տղա ունի։ 9 ամիս հղիությունը հսկվել է հենց Վեդիի ծննդատանը, բաժանմունքի վարիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ։ Այստեղ էլ եկել է օգոստոսի 1-ին՝ ծննդաբերելու, սկեսրոջ հետ։

«Ստուգեց էրեխուն, ասեց՝ հանգիստ գան, իմ հսկողության տակ ա լինելու, ես արխային տվել եմ իրան, եկել եմ», - ասաց Քնարիկ Մանուկյանի սկեսուր Սիլվա Մկրտչյանը։

Երեկոյան պարզվել է 9 ամսական պտուղը, մոտ 4 կիլոգրամանոց աղջիկ երեխա, սրտի զարկերը չկան։ Քնարիկի ծնողներն ու ամուսնու ծնողներն են պատմում, որ ի սկզբանե բժիշկներին խնդրել են անել այն ամենն ինչ, լավ կլինի աղջկա համար։ Կեսարյան հատում՝ մահացած պտղից ազատվելու համար, ասել են՝ կարիք չկա։

Մահացած պտղի ծննդաբերությունից հետո էլ սկսվել են նոր խնդիրներ։

Հարազատներին բժիշկները տվել են հակասական պատասխաններ, ասել են՝ արյունահոսություն է սկսվել, շտապ Արտաշատից արյուն են հասցրել, հետո էլ թե՝ պետք է վիրահատենք, ավելի ուշ՝ տրոմբ էր։

«Ապարատը միացրել ենք, որ իրան կարանանք օդ տանք, եսիմ ինչ անենք, երեխան արդեն մահացած մեզ խաբում են դեռ», - նշեց Քնարիկ Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը։

Քնարիկը մահացել է օգոստոսի 2-ին, դատաբժշկական փորձաքննության նախնական պատասխանն է՝ արյունահոսություն։ Հարազատներն ասում են, որ Վեդիի ծննդատան բժիշկները Երևանից շտապօգնություն են կանչել, վարորդը Վեդիի տեղը մի քանի ժամում է գտել։

Մահացած 29-ամյա կնոջ հարազատների միակ ցանկությունը ճշմարտությունը պարզելն է՝ արդյո՞ք հղիության հսկողությունը ճիշտ է արվել, անալիզներից մինչև ուլտրաձայնային հետազոտություն, որ ծննդատան տնօրենի կինն է անում։

«Ստուգող անալիզներից սկսած մինչև գլխավոր վարիչ ծննդատան հիմնովին պիտի փոխվեն, պիտի դատվեն, բողոքելու եմ սկզբից մինչև վերջ։ Տունս ծախելու եմ դատելու եմ դրանց», - ասաց Խաչիկ Մանուկյանը։

Քրեական գործ է հարուցվել, Քննչական կոմիտեի Վեդիի բաժնում քննություն է տարվում՝ ծննդկանի ու նրա նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար։ Ծննդատան տնօրենն ու բաժնի վարիչը շարունակում են վիրահատություններ անել ու ծնունդներ ընդունել։ Նրանք դժվարությամբ համաձայնեցին զրուցել, ասացին՝ մի քանի օր ո՛չ ուտում են, ո՛չ քնում։

«Սա իմ բժշկական պրակտիկայի ընթացքում առաջին դեպքն էր ու էս արագությամբ շատ տեղեր չի կազմակերպվում էդ լրիվ միջոցառումները, շատ արագ վիրահատվել է, բայց.... մեր բոլորի համար շատ ցավալի է, իմ համար էլ առավել ևս», - ասաց Վեդիի ծննդատան գինեկոլոգիական բաժնի վարիչ Աշոտ Խաչատրյանը։

Աշոտ Խաչատրյանը նշեց, թե հանելուկ է նաև պտղի մահը, գուցե, ասում է, հիպոքսիա է՝ թթվածնաքաղց՝ ինչի՞ց, չգիտի։ Մոր մահը նրա համար նույնչափ հանելուկ է, պնդում է ամեն ինչ արել են արագ, ոչինչ բաց չեն թողել։

«Ստեղ հարցը նստել-չնստելու խնդիրը չի, հարցը նա է, որ արվել է ամեն ինչ, ոչ մի բացթողում չի եղել», - ընդգծեց Խաչատրյանը։

Հարազատները պնդում են, որ ի սկզբանե ասել են՝ գուցե կեսարյան հատում արվեր, հղիության 9 ամիսը լրացած անցած էր։ Բժիշկ Խաչատրյանն ասում է կեսարյան հատման ցուցում չկար, խնդիր չկար։

Սա վերջին մեկ շաբաթում մոր ու նորածնի մահվան երրորդ դեպքն է, օգոստոսի 2-ին մահացել է Բեգլարյան կենտրոնում ծնված նորածինը, դրանից երեք օր առաջ Գեղամասար գյուղից 20-ամյա Ասյան մահացավ՝ 8 ամսական պտուղը կորցնելուց հետո։ Նրա հարազատները մեզ պատմեցին՝ որ գյուղից Վարդենիսի բուժկենտրոն են գնացել, ապա մայրաքաղաքում անցել Իզմիրլյան, Ութերորդ ու Հանրապետական հիվանդանոցներով, ամենուր լսել են՝ ամեն ինչ լավ է նախադասությունը՝ մինչև աղջիկն էլ, երեխան էլ մահացել են։ Իսկ Առողջապահության նախարարությունը այս դեպքերին որևէ կերպ չի արձագանքել։ Լրատվական ծառայությունից փոխանցեցին գործերը դատական վարույթում են, արձագանքել չեն կարող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG