Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամների հետ։
«Շատ խորհրդանշական եմ համարում, որ Համահայկական ամառային յոթերորդ խաղերը տեղի են ունենում Ստեփանակերտում, Արցախում։ Ես երեկ էլ ասացի, որ հենց Համահայկական խաղերի՝ Ստեփանակերտում անցկացումից ծագեց գաղափարը, որ խաղերը մեր համազգային խոսակցության շատ կարևոր և լավ հարթակ կարող են լինել։ Կարծում եմ՝ շատ օգտակար է, որ մենք իսկապես կարողանանք համահայկականության գաղափարն ավելի ընդլայնել։ Այդ առումով, իհարկե, Համահայկական խաղերը շատ կարևոր և բացառիկ նշանակություն ունեն», - ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, իր խոսքում ասել է Փաշինյանը՝ շարունակելով․ - «Երբ մենք դեռևս անցյալ տարեվերջին քննարկում էինք Համահայկական ամառային յոթերորդ խաղերը և անելիքները, գաղափարն այն էր, որ մենք պետք է Համահայկական խաղերը հնարավորինս զարգացնենք և բոլոր առումներով լրջացնենք՝ և՜ մարզական, և՜ համահայկական կյանքի կազմակերպման, և՜ մշակութային առումով։ Շատ ուրախ եմ, որ այդ ուղղությամբ գնում ենք և իսկապես հաջողություն եմ մաղթում Համահայկական խաղերին։ Մանավանդ ընդհանրապես այս նոր իրավիճակի բերումով խաղերն առանձնահատուկ նշանակություն են ստանում, և հույս ունեմ, որ մենք իսկապես բոլորով կկարողանանք աշխատել»։
Վարչապետն ընդգծել է՝ Համահայկական խաղերը պետք է դառնան լավ հարթակ՝ հայ ազգի տաղանդավոր մարզիկներին հայտնաբերելու և նրանց Հայաստանի հավաքական թիմերում ընդգրկելու հնարավորությունները դիտարկելու համար, որպեսզի Հայաստանի մարզական փառքը հնարավորինս մեծանա, «որովհետև համոզված եմ, որ ամբողջ աշխարհում կան այդ ռեսուրսները»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ներկայացնելով Համահայկական ամառային յոթերորդ խաղերի կազմակերպչական աշխատանքները, տեղեկացրել է, որ խաղերին մասնակցում է 35 պետություն, 161 քաղաք։
Ընդհանուր առմամբ մարզական պատվիրակների՝ մարզական պատվիրակությունների կազմում ընդգրկված մարզիկների, մարզիչների, միությունների ներկայացուցիչների, մրցավարների թիվը հասնում է մոտ 5300-ի։
Ամենամեծ թվով պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունից է, որը ներառում է 14 քաղաք՝ 368 մարզիկներով։
Ավինյանի խոսքով՝ այս տարի մասնակցում է 3 նոր պետություն՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք և Չեխիա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Համահայկական ամառային յոթերորդ խաղերին, ի համեմատություն նախորդ խաղերի, թվով ամենամեծ պատվիրակությունն է ուղարկել՝ 318 ներկայացուցիչ ԱՄՆ 11 քաղաքից։ Եվրոպական երկրներից ամենամեծ թվով պատվիրակները Ֆրանսիայից են՝ 178 մարզիկ 6 քաղաքից։ Ավստրալիայից ժամանել են Համահայկական նախորդ տարիների խաղերի համեմատ ամենամեծ թվով պատվիրակները՝ 86 մասնակից։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշել է, որ ընդհանուր առմամբ Համահայկական ամառային յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, 5 մարզաձևի մրցաշար անցկացվելու է Արցախում, 12-ը՝ Երևանում։