Մատչելիության հղումներ

Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն կտեղափոխվի Բարձր տեխնոլոգիական նախարարության կազմ


Ռազմարդյունաբերությանը հատկացվող բյուջեն կրկնապատկվելու է․ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասում է՝ այս ոլորտն իրենց առաջնահերթություններից է լինելու:

«2.8 միլիարդ դրամը դարձնում ենք 6 միլիարդ՝ նոր ֆինանսավորման մեխանիզմներ ենք ստեղծել, որ մարդու մտքից մինչև իր ընկերություն, այնուհետև պրոդուկտ և շուկա՝ այս ամբողջ ցիկլի մեջ կարողանանք պետական համակարգերով աջակցություն ցուցաբերել», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց նախարարը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը արդեն կոչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Պաշտպանության նախարարության կազմից ամբողջությամբ նոր նախարարության կազմ է տեղափոխվելու Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն:

«Մի գործընթացում ենք, երբ Պաշտպանության նախարարությունից մեր նախարարությանն է փոխանցվում Ռազմարդյունաբերական պետական կոմիտեն, արդեն իսկ որոշումը կա և ընդունվել է: Նաև հիմա գիտահետազոտական ինստիտուտները և գործարաններն են փոխանցվում: Այս ծրագրերով դրանց հիմա վրա նույնպես պետք է ստեղծենք այս կարողությունները և զարգացնենք», - նշեց Արշակյանը: - «Մենք կարիք ունենք, որպեսզի Հայաստանն ունենա հզոր բանակ, տեխնոլոգիապես զինված: Եվ մենք ապահովելու ենք այդ տեխնոլոգիական, տեղում արտադրվող և տեղում լուծումներ ստացող այդ տեխնոլոգիական, ինովացիոն մասը: Կիրառությունը՝ իհարկե, մենք պաշտպանության նախարարության հետ համատեղ ենք աշխատելու և նաև իրենց տեսլականը նույնպես հաշվի է առնվելու այս ամբողջ կոմպլեքսի զարգացման գործում»:

Նախարարության կից ստեղծվելու է նաև Բարձր տեխնոլոգիական խորհուրդ, որտեղ ներգրավելու են ոլորտի մասնագետներին՝ նոր նախագծերը նաև նրանց հետ քննարկելու համար: Նախարարությունը նախատեսում է կրթական ու դրամաշնորհային ծրագրեր իրականացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում:

Այս տարի կսկսեն ինժեներական քաղաք կառուցել․ ընկերությունները, որ սեփական թանկարժեք սարքավորումներ ու հզորություններ չունեն, կկարողանան օգտվել ընդհանուր լաբորատորիաներից:

«Պետություն և մասնավոր համագործակցություն է՝ պետությունը իր կողմից ներդնում է գումար, նաև հող՝ 3 հեկտար, և այնտեղ կառուցում է ինկուբատորի շենք, որտեղ նաև տեղակայված են ընդհանուր օգտագործման լաբորատորիաներ և արտադրական հնարավորություններ: Մենք հատուկ այդ սարքավորումների ուղղությամբ աշխատող ընկերությունների համար փորձում ենք էկոհամակարգ ստեղծել», - մանրամասնեց Հակոբ Արշակյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհանդեսը տեղի ունեցավ անցած շաբաթավերջին՝ «Սևան Սրատրտափ Սամմիթի» ընթացքում, որտեղ հավաքված էին նորարար և բարձր տեխնոլոգիական գաղափարներ իրագործողներ Հայաստանից և արտերկրից: Այս հավաքի ընթացքում նախարարը նաև ոչ ֆորմալ միջավայրում՝ խարույկի շուրջ, շփվեց Սամմիթի մասնակիցների հետ՝ խորհուրդ տալով կարևորել կրթությունն ու սեփական օրինակով բարեփոխել շրջապատը:

Հակոբ Արշակյանն ասում է՝ մինչև կառավարությունում հայտնվելը հաջող գործունեություն էր ծավալում բարձր տեխնոլոգիական մասնավոր ընկերությունում, եթե նախարարի տեղակալ, հետո նախարար չնշանակվեր, հիմա գուցե միլիոնատեր լիներ, սակայն իր այժմյան աշխատանքը դիտում է իբրև առաքելություն, իսկ ընտանեկան բյուջեի բացը լրացնելու համար սիրելի մեքենան է վաճառել:

«Ինչ ունեի֊չունեի վաճառեցի, որ կարողանամ նվիրվել այս գործին: Այս գործը ինձ համար ևս մեկ հնարավորություն է իմ առաքելությունը կատարելու: Ես ուզում եմ, որ Հայաստանը աշխարհի քարտեզի վրա լինի», - պատմեց Արշակյանը: - «Վարչապետն ասաց, որ մեր երկիրը ինքն իրենով ստարտափ ա, կարծում եմ ավելի ուժեղ բնորոշող բան չկա․․․ հեղափոխությունը ստարտափ ա, և կարծում եմ՝ հեղափոխության մեջի՝ մեր նախարարությունն ա ստարտափ: Եվ բոլորիդ կոչ եմ անում ձեր ջանքերը միահյուսել, որ մենք էդ ստարտափը հաջողացնենք: Դա մեր ստարտափն ա, դա ձեր ստարտափն ա: Ես էսօր կամ՝ վաղը չեմ աշխատելու: Ես անկեղծ ասում եմ՝ երբ որ իմ սրտի աշխատանքը ընդեղ վերջանա, գլխի աշխատանքը սկսի՝ կզիջեմ գլուխ ունեցողներին, չնայած գլուխ էլ ունեմ, բայց սիրտս ավելի ուժեղ ա»:

XS
SM
MD
LG