Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրապարակի այն գաղտնի զեկույցը, որի մասին կիրակի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարեց, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
«Այն իրավիճակը, որը եղել է Հայաստանում և որը դեռևս շարունակում է մասամբ նաև մնալ, իսկապես սարսափելի կոռուպցիայի տեսանկյունից: Բայց այդքան էլ ճիշտ չի էդպիսի կցկտուր տեղեկատվությունով սահմանափակվել և հանրությանը թողնել սեփական եզրակացությունները և սեփական կարծիքը։ Մի քանի անգամ արդեն եղել են այդպիսի ելույթներ ու կարծիքներ, օրինակ՝ ասվել է, որ «ԱԱԾ-ում ինչ-որ փաստաթղթեր են կորել», կամ «ինչ-որ մեծահարուստի բանկային հաշվում էսքան գումար է հայտնաբերվել», բայց դրանց ոչ մի քայլ չի հետևում, կամ առնվազն դրանց մասին հանրությունը տեղյակ չէ։ Կարծում եմ, որ այս դեպքում էլ մենք չգիտենք՝ ինչ փաստաթուղթ է և ինչ ծավալների մասին է, որքանո՞վ է հնարավոր դրանց հետամուտ լինել իրավապահների կողմից։ Ես կարծում եմ, որ սրան պետք է հաջորդեն համապատասխան հաղորդումներն իրավապահ մարմիններին, կարծում եմ, որ նույնիսկ ճիշտ կլինի, որ հասանելի դառնա փաստաթուղթը հանրությանը, որովհետև այն հանրային շահի մասին է խոսում», - ասաց Այվազյանը։
Փաշինյանը երեկ հայտարարեց, թե արձակուրդի ընթացքում ամբողջությամբ ուսումնասիրել է 2014-ին պատրաստված գաղտնի զեկույցը, որն իրեն ներկայացրել էին մի քանի ամիս առաջ, բայց ինքը որոշել է հրատապ հետևություններ չանել և իր արձակուրդի ընթացքում ամբողջությամբ ծանոթանալով փաստաթղթին նոր միայն հետևություն է արել, որ հեղափոխությունից առաջ և որոշ իմաստով նաև հեղափոխությունից հետո Հայաստանը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում:
«Սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում, ըստ էության, պետական ինստիտուտները կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է: Ես էլի եմ ասում՝ շատ կարևոր է այս փաստաթուղթը, որովհետև գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին և փաստաթղթի հեղինակները իսկապես շատ մեծ համարձակություն են ցուցաբերել, էսպիսի գնահատականներ տալու վերաբերյալ: Էս փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալը օգնում է ավելի հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում և ինչ խնդիրներ մենք պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։
Հանրապետական կուսակցությունից, ում իշխանության օրոք և պատրաստվել է Փաշինյանի մատնանշած զեկույցը, արձագանքել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ի՞նչ 2014-ի գաղտնի զեկույց, ի՞նչ Սերժ Սարգսյանի անվան տակ անճարությունդ քողարկելու հերթական փորձ, ի՞նչ մի կեղծ խորհրդավորություն։ Հրապարակի՛ր «զեկույցի» անունն ու հեղինակներին», ֊ գրել էր Աշոտյանը:
Հանրապետական կուսակցության մյուս անդամները զեկույցի թեմային անդրադառնալ չցանկացան: 2014 թվականին էլ վարչապետին պաշտոնը ստանձնած արդեն նախկին հանրապետական Հովիկ Աբրահամյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը «Ազատությանը» փոխանցեց՝ խոսքը գաղտնի փաստաթղթի մասին է և օրենքը թույլ չի տալիս այն հրապարակել:
Երեկվա ուղիղ հեռարձակման ժամանակ Փաշինյանը հայտարարեց՝ զեկույցն այնքան գաղտնի է, որ դրա անունը նույնիսկ չի կարող հրապարակել: Վարչապետը ասաց նաև՝ փաստաթուղթը կարևոր է նաև այն իմաստով, թե իրենց քաղաքական թիմը ինչ վիճակում է ժառանգել Հայաստանի Հանրապետությունը:
Սոնա Այվազյանը հակադարձում է, հենց այդ պատճառով է քաղհասարակությունը շարունակաբար պնդում է, որ գործող իշխանությունը պետք է քաղաքական գնահատական տա նախորդներին․ - «Բացի այդ, վարչապետը, ըստ էության, նշում է այն, ինչ հասարակական կազմակերպությունները բազմիցս և շարունակաբար կրկնում են, որ՝ Հայաստանում եղել է պետության զավթում: Կարծում եմ՝ սրան պետք է հետևեն կոնկրետ քայլեր՝ իրավապահ մարմինների ներկայացվող հաղորդումներ, հնարավորության դեպքում նաև տեղեկատվության հրապարակայնացում: Եվ ամենակարևորը՝ քաղաքական գնահատական, որին արդեն տարուց ավելի սպասում ենք, որ հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը պետք է տա գնահատական առնվազն անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցող արատավոր գործընթացներին և դրանով ապահովի ապագայում դրանց կրկնության բացառումը»: