Մատչելիության հղումներ

Հոնկոնգում մեկնարկել է գործադուլ, այն կարող է դառնալ համընդհանուր


Բողոքի զանգվածային ակցիան Հոնկոնգում, 5-ը օգոստոսի, 2019թ․
Բողոքի զանգվածային ակցիան Հոնկոնգում, 5-ը օգոստոսի, 2019թ․

Հոնկոնգում գործադուլ է մեկնարկել, որը կարող է դառնալ համընդհանուր: Ակնկալվում է, որ դրան կմասնակցի ավելի քան 500 հազար պետական ծառայող:

Արտահանձնման մասին օրենքի հազարավոր ընդդիմախոսներ այսօր առավոտյան խաթարել են քաղաքի տրանսպորտային հաղորդակցությունը՝ արգելափակելով ճանապարհներ և թունելներ, ինչպես նաև մետրոն և ավտոբուսների երթևեկությունը: Հաղորդվում է նաև, որ միջազգային օդանավակայանում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, բաց է միայն մեկ թռիչքուղի:

Ցուցարարներն այս ձևով փորձում են ստիպել իշխանություններին կատարել իրենց պահանջները:

Այս գործադուլը կարող է կաթվածահար անել ասիական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը համարվող Հոնկոնգը:

Պաշտոնական Պեկինը նախօրեին զգուշացրել է՝ «կենտրոնական կառավարությունը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել»:

Հանգստյան օրերին բողոքի զանգվածային ակցիաները շարունակվել են, ոստիկանությունն արցունաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ, տասնյակ ակտիվիստներ ձերբակալվել են:

Երկրորդ ամիսը շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են չեղարկել արտահանձնման մասին օրենքի նախագիծը, որն ինքնավարության կառավարությանը իրավունք է տալիս թույլատրել ենթադրյալ իրավախախտի կամ հանցագործի արտահանձնումը Չինաստանի իշխանություններին:

Չինաստանը, որին Հոնկոնգը Մեծ Բրիտանիայից փոխանցվել է 1997 թվականին, հավաստիացրել էր, որ կհետևի այդ տարածքում մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության իրավունքների պահպանմանը առնվազն 50 տարի: Հոնկոնգում թափ առնող ընդդիմադիր շարժումների առաջնորդները, սակայն, կառավարությանը մեղադրում են «մեկ երկիր, երկու համակարգ» սկզբունքը պարբերաբար խախտելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG