«Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում», - երեկ ֆեյսբուքյան ուղիղի եթերում՝ ամփոփելով իր արձակուրդային շրջանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով իր ձեռքի տակ եղած այն գաղտնի փաստաթուղթը, որն, ըստ Փաշինյանի, կազմվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք։
Փաշինյանը գաղտնի փաստաթուղթն ուսումնասիրել է արձակուրդի ընթացքում։
«Ինչով է կարևոր Սերժ Սարգսյանի իշխանության վերջին տարիներին գրված գաղտնի այս փաստաթուղթը, որը հիմա դրված է իմ սեղանին՝ որ տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է մեր երկիրը, կամ ինչ վիճակում է եղել մեր երկիրը և շարունակում է մնալ մեր երկիրը, որովհետև այն պրոբլեմներն, ինչ որ այստեղ գրված են, բնականաբար, մեկ տարվա ընթացքում հնարավոր չէր լինի շտկել։ Այս փաստաթղթից բխող եզրակացությունը հետևյալն է՝ ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում և, ըստ էության, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է։ Ես կարծում եմ, որ այս փաստաթղթի հեղինակները շատ մեծ համարձակություն են ցուցաբերել էսպիսի գնահատականներ տալու վերաբերյալ», - ասաց Փաշինյանը, նշելով՝ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալը օգնում է ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում և ինչ խնդիրներ պետք է լուծել։
Վարչապետը մանրամասնեց՝ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք լուծեն մարդկանց հարցերը, լուծեն ամենաբազմազան խնդիրները։
Փաշինյանը նշեց ամենաթարմ՝ ճանապարհաշինության օրինակը։
«Թվում է, թե կա գումար, այս տարի աննախադեպ մեծ գումար ենք հատկացրել ճանապարհաշինության համար, այդ գումարը Կառավարությունը հատկացրել է, թվում է, թե այլևս պետք է ճանապարհները կառուցվեն որակով, ժամանակին, պատշաճ ձևով, բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է, որովհետև նախորդ տարի մենք ունեցանք դեպքեր, երբ որ մրցույթն ինչ-որ ընկերություն շահում է, հաղթում է, բայց արդյունքում պարզվում է, որ ճանապարհը կառուցվել է մի որակով, որը 6 ամսվա ընթացքում պիտի քանդվի: Ճիշտ է՝ հիմա մենք մեխանիզմներ ենք ստեղծել և այդ ընկերություններին վճարումներ չենք անում, բայց էությունը սրանից չի փոխվում, որովհետև կորսվում է ժամանակը, փչանում է տրամադրությունը, տրամադրվածությունը», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Կարդալով այս փաստաթուղթը՝ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ Հայաստանում, ըստ էության, կառավարման համակարգը հենված է եղել կոռուպցիայի վրա, և երբ որ կոռուպցիան հանում ես, պարզվում է՝ տակն էլ կառավարման համակարգ չկա: Սա ամենամեծ պրոբլեմն է։ Մեր կառավարությունը կանգնած է այսպիսի մարտահրավերների առաջ: Մենք, ըստ էության, պետք է Հայաստանում զրոյից ստեղծենք ինստիտուտներ, որոնք պետք է լուծեն այն պրոբլեմները, որոնք կանգնած են մեր երկրի առաջ»:
Փաշինյանը պարզաբանեց՝ ինստիտուտ ասելով նկատի ունի նաև անկախ դատական համակարգը, պետական գնումների համակարգը։
«Մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք առաջին հայացքից թվում է, թե կայացած են, լիարժեք գործունակ են, բայց երբ սկսում ես խորը փորել, հասկանում ես, որ դեկորատիվ կեղևի տակ, ըստ էության, գործ ունենք ինստիտուցիոնալ կաթվածի կամ կիսակաթվածի հետ: Մեզ ամուր նյարդեր են պետք այս իրավիճակը կառավարելու ու լուծելու համար՝ այն առումով, որ մենք պետք է ոչ թե խուճապահար վազենք բոլոր հնարավոր հարցերի հետևից, այլ մարտավարական, ռազմավարական առաջնահերթություններ ունենանք ու հերթով, առանց տուրք տալու էմոցիոնալ ֆոներին, այդ պրոբլեմները հերթով պետք է լուծենք», - ասաց վարչապետը: