Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտներն ավելացել են 152 միլիարդ դրամով. Փաշինյան


Հագուստի արտադրություն Գյումրիում, արխիվ
Հագուստի արտադրություն Գյումրիում, արխիվ

Պետբյուջեի եկամուտների 152 միլիարդ դրամի ավելացումը հնարավոր է եղել ապահովել տնտեսական աճի և ստվերային տնտեսության կրճատման արդյունքում՝ այսօր այս մասին «Ազատությանն» ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում երեկ տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 152 միլիարդ դրամով

Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ հեղափոխությունից հետո պետության եկամուտների նման՝ 25.1%-ոց աճը թույլ է տվել նախաձեռնել մի շարք խոշոր ծրագրեր. - «Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը, 2020թ հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, հավելյալ 7 մլրդ 400 մլն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար, հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար, 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են»:

Ըստ փոխնախարարի, լրացուցիչ եկամուտները թույլ կտան կյանքի կոչել նոր նախագծեր, ինչը խթանիչ ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա․ - «Տնտեսությունից ստացված եկամուտները պետք է նույն ճանապարհով նաև հետ վերադարձվի տնտեսություն, որպեսզի տնտեսական ակտիվության դանդաղում տեղի չունենա, ինչ ուղղությամբ էլ աշխատանքներ են արվում»:

2019թ, պետբյուջեի համաձայն, այս տարի Հայաստանի Հանրապետության եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 496 միլիարդ դրամ: Սա էականորեն բարձր թիվ է նախորդ տարիների համեմատ: 2018թ․ պետբյուջեի եկամուտները 1 տրիլիոն 308 միլիարդ էին, 2017թ․-ին՝ 1 տրիլիոն 210 միլիարդ, 2016թ․՝ 1 տրիլիոն 186 միլիարդ, 2015թ․՝ 1 տրիլիոն 191 միլիարդ:

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի խոսքով, եկամուտների աճը, իհարկե, պայմանավորված է տնտեսության ստվերային մասի կրճատմամբ, սակայն կարևոր է հասկանալ, որ այդ թիվը նաև վկայում է տնտեսության աշխուժացման մասին․ - «Հիմնականում հենց 3 հարկատեսակների գծով է աճը տեղի ունեցել, խոսքը վերաբերում է ավելացված արժեքին, շահութահարկին, եկամտային հարկին: Եվ երբ որ նայում եք, թե որն է դրանցից ավելի շատ ազդեցություն ունեցել այդ 152 միլիարդ լրացուցիչ հարկահավաքման գործում, ուրեմն ավելացված արժեքի հարկատեսակը և եկամտային հարկատեսակը մոտ 38 տոկոս աճ են ապահովել: Երբ որ նայում եք ավելացված արժեքի բացվածը, տեսնում եք, որ ավելացված արժեքի մեջ ավելի շատ հարկ է հավաքվել ոչ թե ներկրվող ապրանքներից, այլ տեղական արտադրություններից կամ տեղական ծառայություններից, կամ կարող ենք ասել՝ տեղական շուկայից: Սա նշանակում է, որ երկու հանգամանք կարող էր ազդել՝ տնտեսական ակտիվություն և ստվերի կրճատում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG