Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում


Հայաստանի վարչապետը օգոստոսի 5-ին ժամը 19-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Սևանա լճի ափից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ:

«Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ Սևանի գեղատեսիլ ափից: Ինչպես տեղյակ եք, օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը, և այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, բոլոր հատվածների ներկայացուցիչները: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է՝ մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները ճշգրիտ և արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում և սիրով հրավիրում եմ բոլորիդ՝ ներկա գտնվելու այդ օրը, որովհետև կարծում եմ, որ տեղի է ունենալու իսկապես շատ կարևոր խոսակցություն», - ասաց վարչապետը:

«Իհարկե, կանդրադառնամ նաև հայաստանյան, արցախյան, սփյուռքյան օրակարգին վերաբերող առանձին հարցերի, բայց ընդհանուր առմամբ մեր նպատակը լինելու է համազգային միասնության մի կարևոր արձանագրում անելը և սրանից բխող հետևություններ անելը», - շեշտեց Փաշինյանը:

«Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում Արցախի բոլոր մեր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել և հույս ունեմ՝ այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով, ոչ թե հույս ունեմ, այլ այդպես էլ կլինի, նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով ունենալ շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

«Եվ այսպես, կհանդիպենք օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի լեգենդար Վերածննդի հրապարակում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG