Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառման մասին՝ կապված 2018 թվականի մարտին Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու փորձի հետ։
ԱՄՆ Պետքարտուղարությունը 2018 թվականի օգոստոսին Սկրիպալների գործով եզրակացրել էր, որ Ռուսաստանը խախտել է Քիմիական և կենսաբանական զենքերի մասին 1991 թվականի ակտը, և պատժամիջոցներ էր սահմանել Մոսկվայի նկատմամբ՝ տարածելով դրանք միջազգային օգնության, պաշտպանական և անվտանգային նշանակության արտադրանքի վաճառքի, Ռուսաստան արտահանման նպատակով ամերիկյան փոխառությունների վրա:
1991-ի Քիմիական և կենսաբանական զենքերի մասին ակտը ԱՄՆ նախագահից պահանջում է կիրառել պատժամիջոցների երկրորդ փուլ, եթե նա ի վիճակի չէ պարզել՝ դադարեցրե՞լ է արդյոք տվյալ երկիրը քիմիական զենքի օգտագործումը երեք ամսվա ընթացքում:
Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները: