2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 25,1 տոկոսով կամ 152 միլիարդ դրամով: Այս մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնելով՝ հեղափոխությունից առաջ խոստացել էր, որ մեկ-երկու տարում բյուջեի եկամուտները կավելանան 25-30 տոկոսով:
Բյուջեի եկամուտների ավելացման արդյունքում, ըստ Կառավարության ղեկավարի, հնարավորություն է ընձեռվել նախաձեռնել հետևյալ խոշոր ծրագրերը․ - «Հունիսի 1-ից միջինը 10 տոկոսով բարձրացել է զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերի 1-ից 10 տոկոսով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը, 2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները, հավելյալ 7 մլրդ 400 միլիոն հատկացվելու է ճանապարհաշինությանը՝ ընդհանուր 330 կմ երկարությամբ ավտոճանապարհների վերանորոգման համար, հավելյալ 10 միլիարդ դրամ սուբվենցիոն ծրագրերով հատկացվելու է համայնքներին՝ համայնքային ծրագրեր իրականացնելու համար, 3 մլրդ դրամ հատկացվելու է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների բնակարանային խնդիրները մեկ ծրագրով լուծելու համար, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե արձանագրված են»: