Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳ նախարարի ակտիվները ԱՄՆ-ում սառեցվել են


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ՝ սառեցնելով նրա ակտիվները Միացյալ Նահանգներում: Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

«Զարիֆը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի օրակարգն իրականացնողն է և այդ ռեժիմի հիմնական խոսնակը ամբողջ աշխարհում: Միացյալ Նահանգները հստակ ուղերձ է հղում իրանական ռեժիմին, որ նման վարքագիծը բացարձակապես անընդունելի է», - ասված է նախարարության հայտարարությունում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե Մոհամադ Ջավադ Զարիֆն իր դիրքորոշմամբ առաջ է տանում Գերագույն հոգևոր առաջնորդի ապակայունացնող քաղաքականությունը, և պատժամիջոցներն այդ իրականության արտացոլումն են։

Զարիֆի ակտիվների սառեցման հետ մեկտեղ, Վաշինգտոնը նաև նրա տեղաշարժման հետ կապված սահմանափակումներ կմտցնի, սակայն Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կկարողանա շարունակել այցելել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայան։

Զարիֆը Թվիթերում գրել է, թե ԱՄՆ-ը իր նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում, քանի որ ինքը սպառնալիք է Միացյալ Նահանգների օրակարգի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG