Մատչելիության հղումներ

Արցախի ԿԸՀ-ն ստացել է Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը


Սամվել Բաբայան, արխիվ
Սամվել Բաբայան, արխիվ

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը:

Բաբայանը ցանկանում է փոխել Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին: Փոփոխությունը հնարավորություն կտա Բաբայանին և Սահմանդրության այդ նորմին չհամապատասխանող մյուս քաղաքացիներին առաջադրվել 2020 թվականի գարնանը կայանալիք ընտրություններին:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ԼՂ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը, ներկայացված ստորագրությունների թիվը 21 հազար 49 է: Հանրաքվե անցակցնելու համար անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի, այսինքն 10 հազար 278 ստորագրությունը: Ներկայացված ստորագրությունը վավեր կհամարվեն միայն գերատեսչության կողմից ստուգվելուց և հաստավելուց հետո: Գործընթացը դեռ չի մեկնարկել հետևաբար պաշտոնյան վաղ է համարում որևէ գնահատականի հնչեցումը։

«Մի ամիս հետո կլինի վերջնական արդյունք, մինչև էդ ոչ մի բան ասել չեմ կարող։ Նրանց բերած ստորագրությունները մենք պետք է ուսումնասիրենք, ստուգենք, եթե կրկնակի կլինի, ոչ պատշաճ կլինի լրացված, որոնք որ պետք է հանել, կհանենք, տակը ինչքան կմնա, դրանք կվավերացնենք։ Եթե դրանք կբավարարեն սահմանված մինիմալ քանակին, ուրեմն դրանք իրենք կարող են ներկայացնել Ազգային ժողով», - ասաց Արզումանյանը։

Արդեն Արցախի Ազգային Ժողովում կարող է որոշում կայացվել հարցն ուղարկել Գերագույն դատարան սահմանդրականության համապատասխանելիության մասով, որից հետո նոր միայն խորհրդարանը 2/3 ձայներով հարցը կարող է դնել հանրաքվեի: Ստորագրահավաքի բովանդակության իրավական մասով մտահոգություններ են բարձրաձայնում Հայաստանի իշխող «Իմ քայլը» կուսակցության պատգամավորները: Տաթևիկ Հայրապետյանը կիսում է կուսակիցների կարծիքը։

«Դա իրավական առումով բազմաթիվ հարցեր է պարունակում ու որոշակիորեն նույնիսկ բանակցային գործընթացի տեսանկյունից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները իրավունք ունենան առաջադրվել, ուրեմն պետք է նաև իրավունք ունենան քվեարկել, ուրեմն նաև հակառակ պրոցեսը։ Այսինքն սա փոքր-ինչ այլ տեղ են տանում, մինչդեռ մեր բանակցային գործընթացում մեր մոտեցումը այն է, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները չեն մասնակցում Հայաստանի Հանրապետության ընտրություններին, ուստի չեն քվեարկում վարչապետի կամ քաղաքական թիմի օգտին, ուստի չի կարող այդ քաղաքական թիմը իրենց ներկայացնել։ Իրենց պետք է ներկայացնեն իրենց իշխանությունները, դրանով նաև ամրապնդելով այն փաստարկը, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Այս տեսանկյունից որոշակի հարցադրումներ կան, անկեղծ ասած», - նշեց Հայրապետյանը։

Սամվել Բաբայանը, իր գրասենյակի տարածած վերջին հայտարարությամբ, պահանջում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը և վերջինիս սպառնում է հանրահավաքային պայքարով իր պահանջը չկատարելու դեպքում:

Երեկ Արցախի ոստիկանության կոլեգիայի նիստին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել էր․ «Առանց աղմկոտ դրսևորումների կարգի ենք հրավիրելու անօրինականության ճանապարհն ընտրածներին»:

Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասում է՝ Սահակյանի խոսքի հասցեատերը բոլորն են, ոչ թե անձնավորված որևէ մեկը։

«Դուք գիտեք, որ սովորաբար, երբ որ գալիս է ակտիվ քաղաքական շրջան, իսկ Արցախը արդեն թևակոխել է վաղուց, գուցե մի քիչ շուտ ավելի ժամանակից, բայց ակտիվ քաղաքական ժամանակահատված նամանավանդ, որ սեպտեմբերի սկզբին մեզ սպասում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ավելի քան 200 համայնքում, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտում և այլն, չի բացառվում, որ ինչ-որ քայլեր որոշ քաղաքական գործիչները իմանալով, չիմանալով, ուզելով, չուզելով քաղաքական ուժերը դիմեն այս կամ այն քայլերին, դրա համար ընդհանուր ուղղված է։ Կարող է ոչ մեկ էլ ոչ մի անօրինական քայլերի չդիմի, բայց սա պարզապես մի պատգամ է, մի ուղերձ է քաղաքական դաշտի բոլոր ներկայացուցիչներին», - ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Վերջին շրջանում հնչող կարծիքներին, թե Սամվել Բաբայանի և Մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի շահերը այս հարցում համընկնում են, քանի որ Բաբայանի նախաձեռնած փոփոխությունները Քոչարյանին ևս առաջադրվելու հնարավորություն են տալիս, Արցախում չեն մեկնաբանում:

Արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը նկատում է՝ Բաբայանի նախաձեռնած հնարավոր փոփոխությունները Արցախում իշխանության գալու հնարավորություն են ստեղծում ոչ միայն Քոչարյանի համար։

«Իմանալով Բաբայանին, կարծում եմ, նա այն անհատը չէ, որը ինչ-որ մեկի համար կսկսի ինչ-որ գործընթաց, բայց այն, որ հաջողության դեպքում այդ գործընթացի արդյուննքերից կարող են օգտվել նաև այլ մարդիկ, որոնք այժմ ունեն հայաստանյան գրանցում կամ ապրում են Հայաստանում, խոսքը ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ նաև այլ գործիչների մասին է, միգուցե նույնիսկ Հայաստանի ներկայիս իշխանությունների համար նախընտրելի գործիչների մասին, դա ակնհայտ է», - նշեց Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG