Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուները համակարծիք են մեկ հարցում՝ «Թրամփը պետք է հեռանա»


ԱՄՆ նախագահի դեմոկրատ տասը թեկնածուները Դեթրոյթում բանավեճի ժամանակ, 30-ը հուլիսի, 2019թ․
ԱՄՆ նախագահի դեմոկրատ տասը թեկնածուները Դեթրոյթում բանավեճի ժամանակ, 30-ը հուլիսի, 2019թ․

Միացյալ Նահանգներում նախագահի դեմոկրատ տասը թեկնածուները երեկ երկրորդ նախընտրական բանավեճն անցկացրին Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում: Մոտ երեք ժամ շարունակված թեժ քննարկման ավարտին ակնհայտ դարձավ՝ դեմոկրատները համակարծիք են միայն մեկ հարցում՝ «գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը պետք է հեռանա»:

Ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում, մինչդեռ, դեմոկրատներն իրենց իսկ կուսակցության ներսում լուրջ հակասություններ ունեին և առիթը բաց չէին թողնում՝ միմյանց քննադատելու: Կրքերը է՛լ ավելի էին բորբոքվում, երբ մրցակիցները փորձում էին պարզել՝ ով է դեմոկրատական ճամբարի լավագույն թեկնածուն, կամ որն է Դոնալդ Թրամփին ու հանրապետականներին հաջորդ տարի պարտության մատնելու լավագույն ճանապարհը:

«Մենք հաղթում ենք, երբ իրական լուծումներ ենք առաջարկում, ոչ թե անիրական խոստումներ տալիս ու հեքիաթներ պատմում տնտեսության մասին», - հայտարարում էր Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, գործարար Ջոն Դելեյնին:

Այս հարցում նրա հետ համակարծիք էր նաև սենատոր Էլիզաբեթ Ուորենը․ - «Դեմոկրատները հաղթում են, երբ կարողանում են որոշել՝ որն է ճիշտ լուծումը, և պայքարում են այն իրագործելու համար»:

Մրցապայքարի առաջնորդներից Բերնի Սանդերսը, մինչդեռ, պնդում էր՝ դեմոկրատները սեփական դիրքորոշումները վերանայելու, որևէ հատուկ քաղաքականություն որդեգրելու կարիքը չունեն:

«Դոնալդ Թրամփը հանրահայտ ստախոս է, և դա արդեն իսկ բավական է նրան պարտության մատնելու համար», - պնդում էր սենատորը, ով, ըստ սոցիոլոգիական հարցումների, իր վարկանիշով երկրորդն է՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենից հետո:

«Մենք կհաղթենք Թրամփին, ընդ որում՝ այդ պարտությունը կլինի շատ ցավոտ, քանի որ նա կեղծ է և խարդախ, մենք ընդամենը պետք է բացահայտենք դա», - հայտարարում էր Սանդերսը:

Վիճահարույց մյուս հարցերը վերաբերում էին ներգաղթին, առողջապահության բարելավմանն ու տնտեսության զարգացմանը:

Մասաչուսեսթից ընտրված սենատոր Ուորենը, օրինակ, կոչ էր անում ապաքրեականացնել սահմանի ապօրինի հատումը, պնդելով, թե գործող օրենքն է թերի, և հենց այդ թերությունից օգտվելով է նախագահ Թրամփը բաժանում ընտանիքները՝ երեխաներին կտրելով ծնողներից:

Նրա կուսակից Սթիվ Բուլոքը, մինչդեռ, պնդում էր՝ այդ մոտեցումը ջուր է լցնում Դոնալդ Թրամփի ջրաղացին: «Օրենսդրական փոփոխության կարիք չկա, խելքը գլխին համակարգ ունենալու համար ընդամենը խելք գլխին առաջնորդ է պետք», - պնդում էր Մոնտանայի նահանգապետը: - «Ներգաղթի հետ կապված ամենամեծ խնդիրը, որ մենք հիմա ունենք, Դոնալդ Թրամփն է, ով օգտագործում է այս հարցը ոչ միայն ընտանիքները, այլև մեր երկիրը պառակտելու համար: Պետք չէ ամեն բան ապաքրեականացնել, պետք է ընդամենը ունենալ նախագահ, որը բավական առողջ դատողություն և պարկեշտություն ունի, որպեսզի կարողանա որպես յուրային ընդունել այն մարդուն, ով հայտնվել է մեր սահմանին»:

Ի՞նչ է պետք Ամերիկայի տնտեսությունը զարգացնելու համար, փոփոխությունները պետք է լինեն կոշտ ու հեղափոխակա՞ն, թե՞ պետք է առաջ գնալ քայլ առ քայլ․ այս հարցում էլ բանավեճերի պակաս չեղավ:

«Չեմ հասկանում՝ ինչ կարիք կա նախագահական մրցապայքարին մասնակցելու, եթե մենք պետք է խոստումներ տանք, որոնք չենք կարող իրագործել և որոնց համար չենք պայքարելու», - հայտարարում էր սենատոր Էլիզաբեթ Ուորենը:

Դահլիճն արձագանքեց բուռն ծափահարություններով, րոպեներ անց թարմացվեց նաև Wikipedia-ի՝ սենատորի մասին պատմող էջը․ - «Ուորենն այս խոսքերով թաղեց մրցակցին», - գրել էին նրա աջակիցները:

Կուսակիցների հասցեին քննադատության պակաս չեղավ նաև Բերնի Սանդերսի ելույթներում: «Ես հոգնել եմ դեմոկրատներից, որոնք վախենում են մեծ ու հեռահար գաղափարներից», - հայտարարեց Վերմոնթից ընտրված սենատորը:

Վերջինս պնդում է՝ Ամերիկայում առողջապահական համակարգը պետք է լինի անվճար և համընդհանուր բոլորի համար, մրցակիցները, մինչդեռ, հակադարձում են՝ համակարգը մասնավորից վերցնելով՝ կառավարությունը այն կդարձնի անարդյունավետ, բյուջեի ծախսերը էականորեն կավելանան, հանրապետականներն առիթը վաց չեն թողնի՝ հայտարարելու, թե դեմոկրատները իրականում սոցիալիզմի գաղափարներն են պաշտպանում:

«Ես, անկեղծորեն, չեմ կարծում, որ այս օրակարգով մենք կարող ենք առաջ գնալ ու հաղթել», - հայտարարեց Օհայոյից ընտրված կոնգրեսական Թիմ Ռիյանը: - «Մեր քաղաքական համակարգը չի աշխատում, քանի որ ողջ երկխոսությունը ծավալվում է անիմաստ հարցերի շուրջ՝ ով է ձախ, ով՝ աջ, և կամ որտեղ ես դու այդ համակարգում: Մինչդեռ ես պնդում եմ՝ խնդիրը աջ կամ ձախ լինելը չէ, խոսքը նոր կամ ավելի լավը լինելու մասին է, անհրաժեշտ է ոչ թե հին համակարգերը բարելավել, այլ՝ նորը կառուցել»:

Ակնկալվում է, որ երեկվա թեժ քննարկումները կշարունակվեն նաև այսօր, բանավեճի երկրորդ օրն արդեն բեմ կբարձրանան նախագահի դեմոկրատ մյուս տասը թեկնածուները, այդ թվում՝ մրցապայքարի առաջնորդը համարվող նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG