Հայ հեղափոխական դաշնակցությունը դեղին քարտ է ցույց տալիս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Դաշնակցականները դժգոհ են քաղաքային իշխանությունների աշխատանքից։ Հայկ Մարությանի ղեկավարության ամիսներին Երևանում ոչ մի տեսանելի փոփոխություն չեն նկատել։ Տարբեր գրությամբ պաստառներով էլ այսօր քաղաքապետարանի առջև էին հավաքվել՝ քաղաքապետին հիշեցնելու խոստացածի ու չարածի մասին։
«Տեսնում ենք՝ աղբահանության վիճակը օր-օրի վատանում է: Ստեղծվեց համայնքային հիմնարկ քաղաքապետարանի կողմից և քաղաքի մաքրության համար ևս 2 միլիարդ բյուջե հատկացվեց, բայց արդեն բացվելուց անցել է 1 ամիս՝ դեռ չի նկատվում որևէ փոփոխություն», - լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Արա Ռոստոմյանը:
Վերելակների, տրանսպորտի, կանաչապատման խնդիրներն էլ դաշանակցականները ոչ պակաս հրատապ են համարում։ Ասում՝ եթե նախընտրական քարոզարշավին քաղաքապետը վերելակների խնդրից էր խոսում, ինչո՞ւ այդ դեպքում վերելակների սպասարկման բյուջեն նվազեց։
«Բյուջեով 71 տոկոսով կրճատվեց վերելակների վերանորոգման գումարը: Ներկայացում էր, որ այլ միջոցներով պետք է ընդհանրապես փոխվեն վերելակները», - հիշեցնում է ՀՅԴ ներկայացուցիչը:
Քաղաքապետարանում չեն ընդունում քննադատությունը, թե Հայկ Մարությանի ղեկավարման ամիսներին Երևանում ոչ մի դրական տեղաշարժ չի եղել։ Աղբահանության, վերելակների ու տրանսպորտի խնդրով իրենք զբաղվում են, վստահեցնում են՝ լուծումները շատ չեն ուշանա: Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նաև փաստում է՝ վերելակների սպասարկման, նորոգման համար նախատեսվող բյուջեն չի կրճատվել, հակառակը՝ այս տարի զգալի ավելացել է․ - «Քաղաքային 2019 թվականի բյուջեով նախատեսվել է վերելակների նորոգման, սպասարկման համար 120 միլիոն 779 հազար դրամ՝ 2018 թվականի 96 միլիոն 528 հազար դրամի փոխարեն»:
Երևանի ավագանու իշխող «Իմ քայլը» դաշինքում չեն թաքցնում՝ Երևանում չլուծված խնդիրներ դեռ կան։ Վստահեցնում են՝ իրենք չեն հապաղում տված խոստումներն իրականություն դարձնել։
«Մենք շարժվում ենք ըստ մեր քարոզարշավի, ըստ մեր տված խոստումների», - ասում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Դեղին՝ նախազգուշական քարտին հաջորդելու է կարմիրը. դաշնակցականները պատրաստվում են շարունակել ակցիաները։ Վստահեցնում են՝ եթե քաղաքային իշխանությունները շարունակեն նույն գործելաոճը իրենք արդեն հրաժարականների պահանջ կներկայացնեն։