Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չկիրառել: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին ՀՔԾ-ից:
Ըստ այդմ՝ Գրիգորյանն առայժմ կմնա ազատության մեջ:
ՀՔԾ-ն Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրել երեկ: Դատախազության՝ նույն օրը տարածած հաղորդագրության համաձայն, դատավորը, անգամ դատարանի շենքում չլինելով, նույն օրը նույն ժամին անցկացված նիստերի կեղծ արձանագրություններ է կազմել։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Ազատությանը» հայտնել է, որ Դավիթ Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Փաստաբանը մեղադրանքը պայմանավորում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Քոչարյանի գործով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի ներկայիս և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով կալանքից ազատ էր արձակել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթն առհասարակ կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան:
Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Քոչարյանի գործի հետ: