Մատչելիության հղումներ

«Սանիթեքը» փոխում է պլանները՝ մամուլի ասուլիսը կանցկացվի Երևանում


«Սանիթեք» ընկերությունը մտադիր էր վաղը մամուլի ասուլիս հրավիրել Վրաստանի մայրաքաղաքում, սակայն այսօր արդեն՝ պլանները փոխվեցին՝ ասուլիսը Երևանում են անցկացնելու, թե ինչու՝ հայտարարությամբ են պարզաբանում․ ֊ «Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից և չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00, «Արմենիա Մարիոթ» հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»:

«Սանիթեքից» նաև պարզաբանում են, թե ի սկզբանե ինչու էին ասուլիսի համար ընտրել Թբիլիսին։ Ընկերությունից ասում են, թե երաշխիքներ չեն ունեցել, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:

Երևանի քաղաքապետարանում «Սաիթեքի»՝ Թբիլիսիում ասուլիս անցկացնելու ավելի վաղ հայտարարված մտադրության վերաբերյալ դեռ միայն ենթադրություններ ունեն:

«Համենայնդեպս, ես տեղյակ չեմ այդպիսի խնդրի մասին, որ կարող է խոչընդոտել Երևանում ասուլիս տալը: Միգուցե ավելի շատ խնդրին հնչեղություն տալ, միգուցե ավելի շատ հալածյալի կերպար ստեղծելու մտադրություն կա», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետարանից վստահեցնում են, թե որևէ տվյալ կամ դիմում չեն ներկայացրել իրավապահներին՝ աղբահանությունը թերի իրականացնող «Սանիթեքի» վերաբերյալ քրեական հետապնդում իրականացնելու համար: Իսկ ի՞նչ հետապնդման մասին է ակնարկում «Սանիթեքը», ընկերությունը որևէ պարզաբանում չի տալիս:

«Ազատությանը» այսօր հաջողվեց պարզել, որ Պետական եկամուտների կոմիտեն դեռ փետրվարին ընկերությունում ստուգումներ է իրականացրել ու «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել: ՊԵԿ-ից հայտնում են՝ Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում «Սանիթեք» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից կատարված իրավախախտումներն արձանագրելու, լրացուցիչ գանձման ենթակա հարկային պարտավորությունների վերջնական չափը պարզելու, մասնագիտական ստուգման ակտերով առաջադրելու, ինչպես նաև ընկերության ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքներին և այլ իրավական ակտերի պահանջներին պարզելու համար նշանակվել են համալիր հարկային ստուգումներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են», ֊ տեղեկացնում են ՊԵԿ֊ից:

«Սանիթեքը» դեռ շաբաթներ առաջ էր տեղեկացրել՝ «աննախադեպ ծավալի մամուլի ասուլիս» հրավիրելու վերաբերյալ։ Ընկերությունից տեղեկացրել էին՝ բոլոր այն փաստերը, որոնք մինչ այս մնում էին ստվերում, կներկայացվեն ասուլիսի ընթացքում:

«Սանիթեքի»՝ Թբիլիսիում ասուլիս անցկացնելու ավելի վաղ արտահայտած մտադրությունը վրդովվեցրել էր Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցությանը։ «Լույսի» ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր կեսօրին կառավարության առջև ասուլիս էր հրավիրել։ Խաժակյանի կարծիքով՝ այդ նախաձեռնությունը կազդեր Երևանի հեղինակության վրա։ Ավագանու անդամին նաև տարօրինակ էր թվացել, եթե «Սանիթեքը» ֆինանսական խնդիրներ ունի, ապա ինչպես էր Թբիլիսիում ասուլիս հրավիրում՝ ապահովելով լրագրողների տեղափոխումն ու սնունդը․ ֊ «Թբիլիսիում մամուլի ասուլիս անցկացնելը այնքան էլ չի համապատասխանում մի կազմակերպության, ով ունի ֆինանսական խնդիրներ։ Առնվազն այդ գումարով կարելի էր մի քանի ավել աղբաման գնել և իրենց սեփական գրասենյակում անցկացնել այդ ասուլիսը»:

Ի դեպ, երեկ քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը «Սանիթեք» ընկերության ներկայացուցչից ևս մեկ անգամ փորձել էր ճշտել՝ արդյոք ընկերությունը պատրաստվում է աղբամանների ու աղբահավաք մեքենաների թիվ ավելացնել։ ֊ «Ես արդեն երրորդ ամիսն է՝ հարցնում Ձեզ աղբամանների և ավտոմեքենաների մասին, և Դուք ինձ ասում եք՝ տեղեկություններ չունեմ: Դա նշանակում է, որ այս պահին ոչ մի բան չի ձեռնարկվում «Սանիթեք» ընկերության կողմից: Ձեր ընկերությունը պետք է սթափվի, հասկանա, որ եթե ինքը տապալելու է էս գործընթացը, ինքը ստանալու է համարժեք գնահատականը: Ես խնդրում եմ փոխանցեք նաև Ձեր ղեկավարությանը, որ իրենք սթափվեն»:

Աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեքը» միայն այս տարի արդեն 7 անգամ տուգանվել է քաղաքապետարանի կողմից՝ ընդհանուր առմամբ ավելի քան 90 միլիոն դրամով։ Ի դեպ, քանի որ «Սանիթեքը» չէր կարողանում պատշաճ աղբահանություն իրականացնել, քաղաքապետարանը համայնքային ընկերություն ստեղծեց՝ իրավիճակը մեղմացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG