Գլխավոր դատախազությունը այսօր պարզաբանումներ և որոշ մանրամասներ է հրապարակել դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով՝ հաշվի առնելով, որ դատավորի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նախաքննական մարմնի և դատախազության կայացրած դատավարական որոշումների վերաբերյալ «շարունակվում են տարատեսակ մեկնաբանությունները, իրականության ակնհայտ խեղաթյուրման և քաղաքականացման անթույլատրելի դրսևորումները»:
«Ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ դատավորը 2018թ. սեպտեմբերի 11-ին իրեն մակագրված բողոքի վերաբերյալ դատական գործով բողոքի քննությունը օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում սկսված ցույց տալու անձնական դրդումով 2018թ. սեպտեմբերի 14-ին ժամը 09.30-ին, չգտնվելով դատարանի շենքում, դատական նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմել, ստորագրել և դատական գործին է կցել իրականությանը չհամապատասխանող՝ դատական նիստի թղթային արձանագրություն՝ իբրև նշված օրը ժամը 09.30-09.36-ը դատական նիստ անցկացնելու մասին՝ դրանում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ առ այն, թե իբր, դատական նիստին չեն ներկայացել պատշաճ ծանուցված բողոքաբերը, նախաքննության մարմնի և դատախազության ներկայացուցիչները, որի հիմքով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր: Ընդ որում, պարզվել է, որ նույն օրը և նույն ժամին մեկ այլ նիստերի դահլիճում դատական նիստ անցկացնելու վերաբերյալ դատավորի կողմից, դարձյալ նիստերի քարտուղարի օժանդակությամբ կազմվել է այլ դատական գործով դատական նիստի դարձյալ թղթային կեղծ արձանագրություն», - ասված է հաղորդագրությունում: «Ուշագրավ է այն փաստը, որ հիշյալ երկու արձանագրությունները կազմվել են պարզ թղթային եղանակով, այն դեպքում, երբ օրենքի ուժով դատական նիստի արձանագրությունը նման եղանակով կարող է կազմվել բացառապես դատարանում նիստերի ձայնագրման համակարգ չլինելու դեպքում: Ընդ որում՝ որևէ տվյալ ձեռք չի բերվել նշված նիստերի դահլիճներում առկա ձայնագրման էլեկտրոնային համակարգերի խափանման վերաբերյալ», - ընդգծում է Գլխավոր դատախազությունը:
Դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատողի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հուլիսի 26-ին միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին՝ անձնական դրդումներով երեք դրվագ պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ: Հուլիսի 27-ի որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը, եզրահանգելով, որ երկու դրվագներով առկա է դատավորի՝ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքներին առնչություն ունենալու հիմնավոր կասկած, դրանցով համաձայնություն է տվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նշում է դատախազությունը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջիկայում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումները, ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը, «ելնելով ավելորդ հրապարակայնությամբ դատավորի ինստիտուտի հեղինակությունը չվնասելու սկզբունքից, շարունակում է նշված քրեական գործով թույլատրելի նվազագույն չափով տեղեկատվություն տրամադրելու գործելակերպը», այդ համատեքստում անթույլատրելի համարելով «առանց գործի նյութերին և փաստական տվյալներին ծանոթ լինելու, դրանց աղավաղման և հանրային թյուր կարծիք ձևավորելու էժան մանիպուլյատիվ շահարկումները»:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի ներկայիս և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորագրով կալանքից ազատ էր արձակել Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա գործի վարույթն առհասարակ կասեցնելով՝ ուղարկել Սահմանադրական դատարան:
Դատախազությունը կտրականապես հերքում է, թե Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Քոչարյանի գործի հետ:
Տե՛ս նաև այստեղ