Մատչելիության հղումներ

Բաքվում բողոքի ցույց է անցկացվել քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով


Մոտ երկու տասնյակ ակտիվիստներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Բաքվում՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Ցույցը, սակայն, երկար չի տևել, մեկնարկից մոտ ութ րոպե անց արդեն դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու հերթով բերման ենթարկել ցուցարարներին:

Ակցիան սկսվել էր Ադրբեջանի ընդդիմադիր դաշտի ամենահին ու կայացած կուսակցություններից մեկի՝ «Մուսավաթի» անդամ Ազադ Հուսեյնովի գործով դատական նիստից հետո: Ալիևի վարչակազմի դեմ պայքարող երիտասարդը կես տարի է՝ ճաղերի հետևում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով, որը կտրականապես չի ընդունում: Հուսեյնովը պնդում է, որ թմրանյութն իր գրպանում է հայտնվել ոստիկանների անմիջական մասնակցությամբ, և դա է պատճառը, որ ձերբակալության պահին նրանք միանգամից հայտնաբերել ու առգրավել են այն:

Ամիսներ առաջ դեռ Հուսեյնովի փաստաբանը բողոք է ներկայացրել գործում առկա հակասությունների ու անճշտությունների վերաբերյալ, քննությունը, սակայն, մինչ օրս տեղից չի շարժվել:

Այսօր էլ պարզվել է, որ ոստիկանությունը ընդդիմադիր գործչի առաջադրած հարցադրումներին կրկին չի պատասխանել: Ի նշան բողոքի Հուսեյնովը մեկ շաբաթ է՝ հրաժարվել է հացից, օրերս նրա առողջական վիճակը վատացել է, իրավապահները տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:

«Չնայած առողջական խնդիրներին՝ Ազադը հացադուլը դադարեցնելու միտք չունի», ֊ այսօր հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին: ֊ «Իշխանությունը միտումնավոր ձգձգում է դատական գործընթացը առանց որևէ բացատրության ու հիմնավորման․ Ազադ Հուսեյնովը ութերորդ օրն է՝ հացադուլի մեջ է, մենք այսօր հորդորեցինք նրան հրաժարվել ծայրահեղ այդ քայլից, սակայն նա վստահեցրեց, որ հաստատակամ է գնալ մինչև վերջ»:

Ազադ Հուսեյնովը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ տարիներ առաջ, երբ սոցիալական ցանցերում սկսել էր քննադատել Ադրբեջանի իշխանություններին՝ համատարած կոռուպցիայի ու բռնաճնշումների համար: 2014-ին, իր դեմ սկսված քաղաքական հետապնդումներից հետո, ընդդիմադիր ակտիվիստը հարկադրված հեռացել էր հայրենիքից և քաղաքական ապաստան ստացել Լիտվայում: Անցած տարի, սակայն, նա վերադարձել էր Ադրբեջան՝ ծանր հիվանդությամբ տառապող հորը տեսակցելու, և հաջորդ օրն իսկ ձերբակալվել: Ավելի քան վեց ամիս է՝ Հուսեյնովի գործով քննությունը դոփում է տեղում, դատական նիստն այսօր էլ չսկսված՝ ընդմիջվել է՝ էլ ավելի բորբոքելով ընդդիմադիրների զայրույթը:

«Ազադը որևէ հանցանք չի գործել, և այժմ ճաղերի հետևում է հայտնվել լոկ «Մուսավաթ» կուսակցությանն անդամակցելու, իշխանություններին քննադատելու և հանուն ժողովրդավարության պայքարելու համար: Մեր նպատակն է հասնել նրա և Ադրբեջանի մյուս բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակմանը», ֊ ասել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին:

Եթե դատարանը հիմնավոր համարի առաջադրված մեղադրանքը, Հուսեյնովը կարող է 5-12 տարվա ազատազրկման դատապարտվել:

Տեղական ու արևմտյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քաղաքական են որակել նրա դեմ սկսված հետապնդումը:

«Անցած տարիներին Ադրբեջանում հազարավոր մարդիկ ճաղերի հետևում են հայտնվել առանց որևէ հիմքի՝ ենթարկվելով կտտանքների», ֊ այսօր հայտարարել է Կտտանքների և բռնաճնշումների դեմ պայքարի կոմիտեն, մանրամասնելով՝ մի քանի տարվա ընթացքում առնվազն երեսուն մարդ կտտանքների զոհ է դարձել: Իրավապաշտպան կազմակերպությունը նշում է՝ Ալիևի վարչակազմը ընդգծված վերաբերմունք ունի նաև Եվրոպայում կամ այլ երկրներում քաղաքական ապաստան ստացած անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն պատճառով ստիպված են լինում վերադառնալ Ադրբեջան:

«Անցած հոկտեմբերին հորը տեսակցելու համար Բաքու վերադարձած Ազադ Հուսեյնովը կես տարի է՝ ազատազրկված է շինծու մեղադրանքներով», ֊ հայտարարելէ իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով․ ֊ «Դատախազությունը ապօրինությունների ու կեղծ մեղադրանքների մասին հաղորդումները քննելու փոխարեն ճնշումներ է գործադրում լրագրողների, իրավապաշտպանների ու ակտիվիստների վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG