Մատչելիության հղումներ

Ավտոներկրողները մտավախություն ունեն, որ Ճապոնիայից գնված մեքենաները ժամանակին չեն հասնի Հայաստան


Ներկրման սպասող ավտոմեքենաները, արխիվ
Ներկրման սպասող ավտոմեքենաները, արխիվ

Օրերս Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում ավտոներկրողներին հորդորել էր բոլոր գործարքներն այնպես կազմակերպել, որ մեքենաներն այս տարի Հայաստան հասնեն մինչև ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան մաքսավճարների դրույքաչափերի բարձրացումը։ Դրանք ավելանալու են մի քանի անգամ՝ կախված մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալից և արտադրման տարեթվից:

Թունյանի հորդորի հասցեատերերը պնդում են՝ մեքենաներ ներկրելու գործարքներում արդեն իսկ խնդիրներ ունեն։ Ամենամեծ շուկաներից մեկում՝ Ճապոնիայում անցկացվող մեքենաների աճուրդներին մասնակցել չեն կարողանում, կայքերը փակ են, կարողանալու դեպքում էլ ճապոնացիները չեն երաշխավորում, որ դրանք կհասնեն մինչ այս տարվա ավարտը։

Թունյանը նաև նշել էր, որ ո՛չ կառավարությունը, ո՛չ Ազգային ժողովը չեն կարող դրույքաչափերի փոփոխության ժամկետը երկարաձգել, քանի որ դա ԵԱՏՄ շրջանակում է որոշվում։

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց միակ հույսը լոբբինգն է․ - «Փորձում ենք այլ քաղաքական ուժերի միջոցով դուրս գալ Ռուսաստանի Դումայի ներկայացուցիչների հետ բանակցել, այսինքն՝ մենք մեր վրա հույսը դնենք»։

Ավտոներկրմամբ զբաղվող Կարլեն Սահակյանն արդեն հասցրել է մեքենա պատվիրել, սակայն մտավախություն ունի, որ այն մինչ դեկտեմբերի 31-ը Հայաստան չի հասնի․ - «5 ամիս առաջ սկսում են անհանգստացնել, որ՝ կկարողանանք բերել, թե չէ։ Արհեստական խուճապ ա առաջացել, 50/50 ա հավանականությունը։ Էդ ֆիրման ինձ ասեց՝ հույս չունենք, որ կգա։ Ես էդ ռիսկով 6,000 դոլաչանոց մեքենա եմ պատվիրել»։

Ավտոներկրողները հավելում են՝ դրույքաչափերի փոփոխությանը զուգահեռ մեքենաների գինն ընդհանրապես կբարձրանա։ Նրանք մեկ այլ խնդրի մասին էլ են բարձրաձայնում, ասում են՝ նախկինում աճուրդով մեքենա գնելիս կամ պատվիրելիս նախապես միայն 30 տոկոսն էին վճարում, մնացածն էլ՝ Վրաստանի Փոթի նավահանգստից մեքենան վերցնելիս, իսկ այժմ ճապոնական ընկերությունները միանգամից ողջ գումարն են պահանջում։

Ներկրողների պնդումների հետքերով «Ազատությունն» այցելեց ճապոնական ամենահայտնի ընկերություններից մեկի երևանյան գրասենյակ, որտեղ պարզաբանեցին՝ մեքենաների ժամանակին հասնելու մասով երաշխիք չեն տալիս, քանի որ մեծաքանակ պատվերների պատճառով ծագող արևի երկրում հերթեր են գոյացել: Ընկերության աշխատակիցը վստահեցնում է՝ ձախ ղեկով մեքենաներ պատվիրողները խնդիրներ չեն ունենա, քանի որ Վրաստանում ղեկ փոխելու համար ժամանակ չեն կորցնի, իսկ այնտեղ այնպիսի հերթեր են, որ հնարավոր է մեկ ամիս սպասելու կարիք լինի։

Ի պատասխան ներկրողների այն պնդումներին, թե կայքերը փակ են, ճապոնական ընկերության աշխատակիցը շեշտում է՝ դրանք փակ չեն, աճուրդներին մասնակցել չեն կարողանում այն դիլերները, որոնք ժամանակին աճուրդներում հաղթել են, սակայն մեքենաներն իրացնել չեն կարողացել ու պարտքեր կուտակել։

Մեծաքանակ հերթերի մասին խոսում են պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած վիճակագրական տվյալները, որոնց համաձայն մինչ այս ամսվա ավարտ Հայաստան ներմուծված մեքենաների թիվը կհասնի 70,000 հազարի, որն ավելին է քան 2018-ի ողջ ընթացքում գրանցած ցուցանիշը։

ՊԵԿ-ը հայտնում է՝ օգոստոսի 1-ից Նորագավիթի մաքսատունն աշխատելու է յոթօրյա ռեժիմով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG