ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը հրաժարական է ներկայացնում:
Թրամփը մտադիր է այդ պաշտոնում նշանակել տեքսասցի հանրապետական կոնգրեսական Ջոն Ռաթքլիֆին:
Հանրապետական Քոութսը 2017 թվականին է նշանակվել Ազգային հետախուզության տնօրեն, սակայն, ինչպես ամերիկյան լրատվական գործակալություններն են նշում, անցած երկու տարվա ընթացքում մշտապես ընդհարումներ է ունեցել Թրամփի հետ:
Ամերիկյան հետախուզական ծառայությունների փոխանցմամբ, ռուսները միջամտել են 2016 թվականի նախագահական ընտրություններին և մտադիր են դա անել նաև 2020-ին:
«Հետախուզական համայնքը մտահոգված է ամերիկյան ընտրություններին սպառնացող ազդակներով: Մենք տեսնում ենք Ամերիկայի թուլացմանն ու պառակտմանն ուղղված Ռուսաստանի փորձերը», - հայտարարել է Քոութսը:
Նա հաճախ է հայտնել իր անհամաձայնությունը Հյուսիսային Կորեայի, Իրանի և Ռուսաստանի նկատմամբ նախագահ Թրամփի վարած քաղաքականությանը:
Ազգային հետախուզության տնօրենի թեկնածու Ռաթքլիֆը համարվում է Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակիցը: Քոութսը օգոստոսի 15-ին կազատի պաշտոնը: