Մատչելիության հղումներ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դեռևս կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի


Դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը, Երևան, 18-ը մայիսի, 2019թ․
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը, Երևան, 18-ը մայիսի, 2019թ․

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) համաձայնությունն ստանալուց հետո Դատախազությունը դեռևս դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ «պաշտոնեական կեղծիք» հոդվածով քննվող քրեական գործով քրեական հետապնդում չի նախաձեռնել։ Դատավորը դեռևս կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորի լիազորությունները դադարեցնելու համար Գլխավոր դատախազությունը հուլիսի 26-ին բարձրագույն դատական խորհուրդ երեք դրվագով միջնորդություն էր ներկայացրել։ Դատավորների անկախությունը երաշխավորող մարմինը, նույն օրն իսկ քննելով միջնորդությունը, երկու դրվագով բավարարել է այն, մեկով էլ՝ մերժել։ Ըստ այդմ՝ խորհուրդը որոշում է կայացրել կասեցնել դատավոր Գրիգորյանի լիազորությունները։

Գլխավոր դատախազությունը դեռևս չի մանրամասնում, թե ինչ հիմքեր է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Դավիթ Գրիգորյանն արձակուրդում է։ Նրա փաստաբան Գեորգի Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ի սկզբանե տեղի են ունեցել ապօրինություններ, մասնավորապես՝ քննչական մարմինը դատավորի աշխատասենյակում խուզարկություն և առգրավում կատարելուց առաջ դատավորին այդ մասին տեղյակ չի պահել։ Ըստ Մելիքյանի, ոչ միայն Բարձրագույն դատական խորհուրդը պետք է իրազեկվեր քննչական այս գործողությունների մասին, այլ նաև դատավորը։

«Քննիչը նշում է իր որոշման մեջ՝ ումից, որտեղ և ինչ, մասնավորապես՝ համակարգիչները դատավոր Գրիգորյանի աշխատասենյակից, այնինչ դատավոր Գրիգորյանին թույլ չի տալիս առգրավմանը մասնակից դառնալ», - ասաց փաստաբանը՝ շարունակելով․ - «Օրենքի պահանջն է, որ այն անձից, ումից որ առգրավում ես կատարում, նրան պետք է ներկայացնես առաջին գործողությունը»:

«Առանց տեղյակ պահելու նրան՝ ներկայացել են աշխատասենյակ, իհարկե, շփոթվել են, քանի որ չէին սպասում, որ պարոն Գրիգորյանը էնտեղ կգտնվի, և նրան արգելել են մասնակցել գործողությանը: Այնինչ Դատական օրենսգրքի համաձայն՝ նրա մոտ գործողություն կատարելու համար ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին պետք է իրազեկեն, այլ նաև այն դատավորին, ում մոտ կատարվում էր գործողությունը: Քրեական հետապնդման մեջ չգտնվող դատավորի մոտ քննչական գործողություն կատարելուց պետք է իրազեկվի Բարձրագույն դատական խորհուրդը, ինչպես նաև համապատասխան դատավորը՝ առնվազն մեկ օր առաջ, և գործողության օրվա և ժամի մասին պետք է համաձայնեցնեն դատավորի հետ: Այս բոլոր հանգամանքները չի պահպանվել», - մանրամասնեց Մելիքյանը:

Դատավորի փաստաբանը նամակներ է հղել Բարձրագույն դատական խորհուրդ, մարդու իրավունքների պաշտպանին, իր պնդմամբ, անօրինականությունների մասին։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք ստացել են փաստաբանի նամակը, պատասխան են ակնկալում գլխավոր դատախազությունից։ Ըստ Բեքմեզյանի, գխավոր դատախազության փաստերը՝ քրեական հետապնդում սկսելու դատավորի նկատմամբ, հիմնավոր են։ Շեշտեց՝ նախաքննության ընթացքում արդեն կա՛մ կհերքվեն դատախազության բերած փաստերը կա՛մ էլ կհաստատվեն, նաև ընդգծեց՝ իրենց թույլտվությունը դատավորին կալանավորելուն չի առնչվում, դրա համար առանձին միջնորդություն հարկավոր կլինի։

«Քանի որ նախաքննական գաղտնիք է, չեմ կարող բացահայտել դրվագները, միայն կարող եմ ասել, որ երեքն էլ կապված է 314 հոդվածի 1-ին մասի հետ, այսինքն պաշտոնեական կողծիք։ Ուղղակի երկուսը հիմնավոր էին, որպեսզի այդ հիմքով միջնորդությունը բավարարվեր, մեկը՝ ողջամիտ կասկածների տեղիք չէր տալիս, այդ պատճառով մերժվեց», - ասաց Բեքմեզյանը։

Դատավոր Դավիթ Գրիգորյանի շուրջ ծավալվող այս իրադարձություններից հետո նա չի կարող շարունակել քննել մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի քրեական գործը։ Գրիգոր Բեքմեզյանը նշեց՝ ըստ ընթացակարգի, գործը պետք է մակագրվի այլ դատավորի։

«Ազատության» դիտարկմանը, որ տասնյակ փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել պաշտպանել դատավոր Գրիգորյանի շահերը և որ հանրության մի հատված կարծում է, որ այս կերպ նրան փորձում են պատժել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Բեքմեզյանն արձագանքեց․ «Մենք փորձել ենք կամ փորձում ենք ցանկացած գործի նայել օբյեկտիվորեն, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով։ Եթե կան հանգամանքներ, որոնք մեզ պարտավորեցնում են բավարարել Դատախազության միջնորդությունը, մենք պարտավոր ենք բավարարել։

«Մենք չենք կարող կապելով դատավորին մեկ այլ գործի հետ, որը նա քննում է, կատարենք քայլեր, որոնք կարող են օրենքին հակասել։ Նման տեսանկյունից եթե նայենք, եթե անձը, դատավորը ինչ-որ քաղաքական կամ ինչ-որ հայտնի գործով, քաղաքական գործչի հետ կապված, հասարակության մոտ կարևորություն ներկայացրած գործով նախագահող դատավոր է, նա կարող է այդ ընթացքում այլ զանցանքներ կամ հանցանքներ գործել, նշանակո՞ւմ է՝ ինքը չպետք է պատասխանատվություն կրի դրանց համար։ Չէ՞ որ ցանկացած հետապնդում կապված մեկ այլ գործով կատարած հանցանքի կամ զանցանքի հետ կդիտվի որպես քաղաքական հետապնդում, որը մենք պետք է ուղղակի բացառենք։ Այսինքն Բարձրագույն դատական խորհուրդը կոնկրտ նայել է՝ որքանով են բավարար հիմքերը և փաստերը՝ բավարարելու համար Դատախազության միջնորդությունը», - ընդգծեց Բեքմեզյանը։

Բեքմեզյանն ասաց՝ դատական խորհուրդը փակ քվեարկությամբ է նման որոշում կայացրել և անգամ չհրապարակեց՝ ինքը դեմ է եղել, թե կողմ, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ քրեական հետանդում սկսվի։

Արդեն մի քանի օր դատավորի լիազորություններից զրկված Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանն ասաց՝ դատական խորհրդի որոշումն իրենք դեռ չեն ստացել, ուստի չի կարող ասել, թե մասնավորապես ի՞նչ հիմքերով են որոշել կասեցնել դատավորի լիազորություններն ու համաձայնել նրա նկատմամբ հետապնդում սկսել։ Ըստ դատավորի փաստաբանի, այս քրեական գործի հարուցման որոշման մեջ ակնհայտ է Դավիթ Գրիգորյանին արդեն որպես մեղադրյալ համարելու հանգամանքը։

«Ազատության» հարցին, արդյոք իրենք տեղի ունեցածը պայմանավորում են մայիսի 18-ին Ղարաբաղի գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորության դիմաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հետ, փաստաբանը պատասխանեց. «Ես չեմ կապում, չեմ էլ շտապում նման կարծիքներ հայտնել։ Մեզ համար կասկած է առաջացրել այն հանգամանքը, որ խուզարկության ընթացքում բացառապես առգրավվել են Ռոբրետ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ»։

Դատախազությունը ավելի վաղ հերքել էր, թե Գրիգորյանի նկատմամբ ուշադրությունը կապված է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ` պնդելով, որ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ քաղաքացին հաղորդում է ներկայացրել այս տարվա փետրվարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG