Մատչելիության հղումներ

Օսմանյան կայսրության վերջին ներքին գործերի նախարար Ալի Քեմալը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պապը


Բորիս Ջոնսոնի՝ Բրիտանիայի վարչապետ դառնալուց հետո նրա յուրօրինակ կերպարի հետ մեկտեղ միջազգային հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց վարչապետի ծագման հետաքրքիր պատմությունը: Ջոնսոնի մեծ պապը՝ ճանաչված թուրք լրագրող, հասարակական քաղաքական գործիչ, Օսմանյան կայսրության վերջին ներքին գործերի նախարար Ալի Քեմալն է եղել: Նա հայտնի էր իր ընդդիմադիր հայացքներով ու հրապարակումներով, որտեղ քննադատում էր սուլթան Աբդուլ Համիդի, ապա երիտթուքերի որդեգրած հակահայ քաղաքականությունը, ինչպես նաև դեմ էր Մուստաֆա Քեմալի առաջնորդած միլլիական շարժմանը:

Ալի Քեմալը, որի իսկական ազգանունը Ռըզա էր, ծնվել է 1867 թվականին Ստամբուլի Սուլեյմանիե շրջանում: Սովորել է Ստամբուլում, ապա Փարիզում: 1903 թվականին Լոնդոնում ամուսնացել է Ուինֆրեդ Էմմա Մերի Բրանի հետ: Այդ ամուսնությունից ունեցել երկու զավակ` Սելման և Օսմանը: Օսման Ուինֆրեդ Ջոնսոնի որդին՝ Սթենլի Փեթրիք Ջոնսոնն էլ հենց վարչապետ Բորիս Ջոնսոնի հայրն է:

1919 թվականին Ալի Քեմալը Դամադ Ֆերիդ փաշայի կառավարության օրոք երեք ամիս եղել է հանրակրթության նախարար, ապա նույնքան էլ զբաղեցրել ներքին գործերի նախարարի պաշտոնը: Քաղաքական գործունեությունից բացի Քեմալը նաև հայտնի լրագրող էր: 1912 թվականից նա հոդվածներ էր հեղինակում «Իքդամ» թերթում, իսկ 1913 թվականին սկսում է հրատարակել «Փեյամ» օրաթերթը, որը 1919 թվականին, միավորվելով «Սաբահ» թերթի հետ, վերանվանվում է «Փեյամ-ը Սաբահ»: Հենց այս թերթում էլ Ալի Քեմալը հանդես էր գալիս իթթիհաթականների հասցեին սուր քննադատական հոդվածներով:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը օրերս իր թվիթերյան էջում Ալի Քեմալի մասին գրել էր. - «Ալի Քեմալը լրագրող և քաղաքական գործիչ էր, որը ընդդիմանում էր Աբդուլ Համիդ 2-րդի բռնապետությանը և երիտթուրքերի ազգայնական քաղաքականությանը։ Նա ասում էր, որ երիտթուրքերը երկիրը կործանման են տանում և իրավացի էր»:

Ալի Քեմալի այս մոտեցումը տեսնում ենք նաև նրա գլխավորած թերթի հրապարակումներում:

«Ժամանակ» թերթի 1919 թվականի հունվարի 30-ի համարում կարդում ենք «Սաբահ» թերթից արտատպված հետաքրքրական հոդված. - «Քաղաքական սխալ է, երբ ոմանք արդարության մասին խոսելիս երևան են հանում Վանում, Մուշում և այլ վայրերում հայ հեղափոխականների գործած ոճիրները: Արդյոք դրանք կարող են արդարացնել տարագրության եղերգությունները` ոչ»:

Քեմալը դատապարտում էր հայերի տեղահանությունը և գտնում, որ մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն:

1919 թվականին հունվարի 28-ին Ալի Քեմալը «Սաբահ» օրաթերթում գրել էր. - «4 կամ 5 տարի առաջ կատարվեց պատմության մեջ նախադեպը չունեցող ոճիր, մի հանցագործություն, որը սարսափ հարուցեց համայն աշխարհում»:

Ալի Քեմալին ընդդիմադիր կեցվածքի ու հայերին պաշտպանող հրապարակումների համար դավաճան էին համարում և հայկական անունով՝ Արթին Քեմալ կոչում: Արդյունքում երբ Թուրքիայում իշխանությունը անցավ քեմալականների ձեռքը, Անկարայի կառավարությունը պահանջով ստամբուլի ոստիկանությունը ձերբակալեց նրան: Սակայն նա այդպես էլ Անկարայի դատարան չի հասնում: 1922 թվականի նոյեմբերի 6-ին հարցաքննութունից հետո հրամանատարական շտաբի դիմաց հավաքված սպաները մուճերով և քարերով սպանում են նրան: Ալի Քեմալի մերկ մարմինը քարշ էին տվել փողոցներում, ապա ցուցադրաբար կախել ճանապարհի եզրին: Քեմալը թաղվել էր Իզմիտում, անանուն գերեզմանում: Միայն 1950 թվականին կատարված ուսումնասիրությունների արդյունքում էր գտնվել նրա շիրիմը:

«Ալի Քեմալը խիղճ ունեցող քաղաքական գործիչ էր։ Նա պահանջում էր, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Հայոց ցեղասպանության պես մեծ հանցագործության համար մեղավորները։ Եթե հաջողեր, պետությունը կմաքրվեր ցեղասպան և բռնարար ավանդույթներից։ Հանցագործությունն անպատիժ մնաց, կրկնվեց, կրկնվում է։ Ալի Քեմալը թող հանգչի խաղաղությամբ», - Թվիթերում գրել էր Գարո Փայլանը:

Ի դեպ, Բորիս Ջոնսոնը Ալի Քեմալի միակ հայտնի ժառանգը չէ: Հետաքրքրական է, որ Քեմալի երկրորդ ամուսնությունից ծնված որդին՝ Զեքի Քուներալփը, 1978 թվականին, լինելով Թուրքիայի դեսպանը Մադրիդում, ԱՍԱԼԱ-ի թիրախների ցանկում է եղել, սակայն հարձակման ժամանակ միայն կինն է սպանվել: Նրա որդին ևս դիվանագետ է՝ Շվեդիայում և Հարավային Կորեայում Թուրքիայի նախկին դեսպան, այժմ Թուրքիայի ԱԳ նախարարությունում Եվրամիության հարցերով գլխավոր խորհրդական Սելիմ Քուներալփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG