Իսպանիայի հավաքականը հերթական ռեկորդը սահմանեց ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ 8-րդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը:
Շաբաթ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում Իսպանիայի թիմը 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն: Երկու գոլերի հեղինակն էլ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերան Տորեսն է, ով մրցակցի դարպասը գրավեց 34-րդ և 51-րդ րոպեներին:
Առաջնության եզրափակիչ մրցաշարը Երևանում անցկացվում էր հուլիսի 14-ից: Հայաստանի հավաքականը A խմբում պարտվեց բոլոր երեք հանդիպումներում՝ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի թիմերին, և հրաժեշտ տվեց մրցաշարին՝ խփելով ընդամենը մեկ գնդակ․ առաջին խաղում իսպանացիների դարպասը գրավեց Արսեն Եղիազարյանը: