Մատչելիության հղումներ

Առաջին անգամ սրտի ստենտավորում Վանաձորում. Վիրահատությանը հետևում էր առողջապահության նախարարը


Այսօր Վանաձորի բժշկական կենտրոնի ինվազիվ սրտաբանության նորաբաց բաժանմունքում կատարվեց սրտի առաջին ստենտավորումը։ Ստեփանավանից սրտանոթի 90 տոկոս նեղացումով հիվանդանոց ընդունված կնոջ վիրահատությանն այսօր հետևում էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Արձանագրեց, որ սրտի ստենտավորման համար հիվանդները ոչ միայն Լոռու մարզից չեն հասնի Երևան, այլև հյուսիսային մյուս մարզերի, անգամ Վրաստանի հարավային շրջանների բնակիչները կօգտվեն նոր ծառայությունից։

Վիրահատարանից դուրս եկած բժիշկները գոհ էին արդյունքից։

Ավելի ուշ նախարարը Լոռու մարզի հիվանդանոցների և պոլիկլինիկաների տնօրենների հետ խորհրդակցության ժամանակ շեշտեց՝ անվճար ծառայությունների ծավալը մեծացել է, դրանցից օգտվող քաղաքացիների թիվը՝ նույնպես։ Օգոստոսի 1-ից Վանաձորի բժշկական կենտրոնում կավելանա շտապ բուժօգնության ևս մեկ բրիգադ։ Նախարարը հորդորեց ոլորտի ղեկավարներին ամեն ինչ անել հիվանդին մարզում լիարժեք բուժսպասարկում ցուցաբերելու համար։ Հատկապես շեշտեց մանկաբուժական ծառայությունը։

«Որոնք հնարավոր է բուժել մարզում մանկաբուժական ծառայության միջոցով, էդ բոլոր երեխաները մնան տեղում բուժվեն և ոչ թե ամեն թեթև դեպքում, ծանրերի մասին չի խոսքը, գան Երևան», - ասաց Թորոսյանը։

Վանաձորի բժշկական կենտրոնում արձանագրում են՝ հաջողվել է ֆինանսական շրջանառությունը գրեթե ամբողջովին հանել ստվերից, բայց առողջապահության նախարարը դեռևս մտահոգություններ ունի։ Ասաց՝ չնայած Լոռու մարզից ստացվող բողոքների թիվը նվազել է, բայց դեռևս նամակներ ստանում են։

«Պետությունը հնարավոր ամեն ինչ անում է առողջապահության ֆինանսավորումը աճացնելու ուղղությամբ, գների բարձրացման ուղղությամբ, և ակնկալվում է ձեզնից, որ դուք պետք է ապահովեք առնվազն ֆինանսական թափանցիկությունը այդ ամեն ինչի։ Եթե որևէ մեկին հասնում է պետական պատվերով ծառայություն, ապա այդ մարդիկ բոլորը այլ վճար փաթեթից դուրս չպետք է անեն բժշկական կենտրոններում։ Այդ ամեն ինչը պետք է խիստ հսկվի», - ընդգծեց առողջապահության նախարարը։

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզի բուժհաստատություններից հիվանդներին միտումնավոր Երևան ուղղորդումները դիտարկեց որպես «ատկատային մեխանիզմ»։

«Այնպես չլինի, որ ունենանք մենք ծառայություն Վանաձորի բժշկական կենտրոնում, օրինակ, Սպիտակից պացիենտները հատուկ ուղորդվեն Երևան։ Նման բան ցանկալի չի», - նշեց Ղուկասյանը։

Նախարար Արսեն Թորոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ համագործակցում են իրավապահ մարմինների հետ «նման չարամիտ դեպքերը բացահայտելու համար»։ Բայց նաև աշխատում են ավելացնել բժշկի աշխատավարձն ու գումարների մեծ մասն ավելի շատ ուղղել ոչ թե Երևանի, այլ մարզերի բուժհաստատություններին։

«Բերելու է նրան, որ բժիշկները աստիճանաբար ավելի քիչ են ատկատով հիվանդ ուղարկելու տարբեր բժշկական կենտրոններ կամ լաբորատորիաներ կամ դիագնոստիկ կենտրոններ։ Այդ արատավոր երևույթը ընդհանրապես արմատախիլ է արվելու։ Իհարկե, եղել են նաև այդպես ինդիվիդուալ պայմանավորվածություններ, ես հիմա չեմ ուզում անուններ տալ, օրինակ, մարզերի մասշտաբով՝ ինչ-որ մի մարզ պայմանավորվել է երևանյան մի հատ մեծ բժշկական կենտրոնի հետ, հոսք են ապահովել մարզից Երևան։ Հիմա նման բան հաստատ չկա», - ասաց Թորոսյանը։

Արսեն Թորոսյանը ոլորտի պատասխանատուներին վստահեցրեց, թե առողջապահությունը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Ընդ որում՝ ոլորտը բարելավելու պահանջները ոչ թե վերևի, այլ ներքևի օղակներից պետք է լինեն։

«Եթե դուք լավ եք աշխատում, մենք լավ ենք աշխատում, որովհետև մեր տված խոստումները, մեր ընդունած որոշումները կատարվում են ձեր մակարդակում, եթե՝ չէ, նշանակում է՝ մենք իրար չենք հասկանում։ Մենք ուզում ենք ավելի արագ բան փոխենք, բայց ինչ-որ դիմադրություն ենք ստանում ավելի ցածր օղակներից։ Պիտի հակառակը լիներ, մենք պիտի ճնշում ստանանք ներքևից, ասենք, շուտ փոխենք, շուտ լավացնենք ամեն ինչ», - ընդգծեց նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG