Եվրամիությունը լքելուց հետո Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ կսկսեն, այս մասին երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համակարծիք են այն հարցում, որ «Բրեքզիթ»-ը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև աննախադեպ տնտեսական համագործակցության հնարավորություններ է ընձեռում:
Հեռախոսազրույցից հետո Թրամփը գովեստով է խոսել բրիտանացի նորանշանակ վարչապետի մասին. «Նա հրաշալի վարչապետ կլինի Մեծ Բրիտանիայի համար, նա հրաշալի տղա է, նա իմ ընկերն է», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ-ի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ երկու առաջնորդները «անհամբերությամբ են սպասում» իրենց հանդիպմանը, որը տեղի կունենա Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում ամառվա վերջին՝ ֆրանսիական Բիարից քաղաքում: