Մատչելիության հղումներ

Հուրգադայում մնացած հայաստանցիները վերադառնում են Երևան


Հուրգադայում մնացած հայաստանցիները՝ ավելի քան 100 հոգի, վերջապես Երևան կհասնեն։ Ըստ «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի՝ 20։30֊ին նրանց տեղափոխող օդանավը վայրէջք կկատարի։

Հուրգադայում գտնվող քաղաքացիներից Ալլա Մինասյանը հեռախոսով «Ազատությանը» տեղեկացրել էր, որ իրենց խումբ֊խումբ տեղափոխում են օդանավակայան:

«Մեզ ասել են՝ հիմա պիտի գնանք օդանավակայան, մեզ տանում են օդանավակայան, որպեսզի այստեղի ժամով 3-ին թռչենք: Ճիշտն ասած՝ դեռ մտածում ենք միայն այն մասին, որ հասնենք տեղ, բայց ինձ թվում է հետագա քայլեր պիտի ձեռնարկվեն», - պատմել էր Մինասյանը:

Այսօր առավոտյան արդեն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ Հուրգադայից հայերին չարթերային թռիչքով տեղափոխելու համար կառավարությունը պատրաստ է վճարել։ Կառավարության արտահերթ նիստի որոշմամբ՝ պահուստային ֆոնդից մոտ 100.000 դոլար է տրամադրվել Հուրգադա ֊ Երևան երկու թռիչքների համար։

«Մեկը այսօր է, երկրորդ թռիչքն էլ երկուշաբթի օրն է», ֊ «Ազատությանը» տեղեկացրեց Սիսեռյանը։ ֊ «Գնալ չկա էլ՝ ով որ այնտեղ է։ Առաջինը կարծեմ 120 հոգի է, երկրորդն էլ այդքան։ Ասյինքն մոտավորապես 220 հոգու համար է»։

Երեկ չեղարկվել էին Հուրգադա - Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները։ Հանգստի մեկնած քաղաքացիները վերադառնալ չէին կարողանում, իսկ հանգստանալու մեկնել պատրաստվողներն էլ հավաքվել էին փաթեթներ վաճառած տուրիստական գործակալության` «Էյ ընդ Ար» ընկերության գրասենյակում։ Եգիպտոսում Հայաստանի հյուպատոսը բացատրել էր, որ թռիչքների չեղարկման պատճառն այն է, որ տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել։ Խնդրահարույց տուրիստական ընկերությունն այսօր առավոտից փակ էր: Այս օրերի համար դեպի Հուրգադա տուրփաթեթներ գնած քաղաքացիներն ու գործընկեր տուրընկերությունները մտահոգված են:

Հուրգադա այդպես էլ չմեկնած Լիաննա Հովհաննիսյանին հաջողվել էր այսօր խոսել տնօրեն Անի Ալեքսանյանի հետ։ ֊ «Գումարի վերադարձի մասին ես ասացի, ես խնդրում եմ իմ գումարը վերադարձնեք, որովհետև ես ուզում եմ մեկնեմ ու իմ արձակուրդը արդեն ստեղ հարամվել ա, ես ստեղի քաղաքացի չեմ։ Ասաց՝ իմ հաշվապահը ձեզ հետ կկապվի։ Ու ոչինչ դեռ մինչև հիմա չեն արել»։

Կարո՞ղ են մարդիկ հետ ստանալ իրենց գումարները. երեկ երեկոյան գրասենյակ է եկել «Էյ ընդ Ար» ընկերության տնօրեն Անի Ալեքսանյանը։ Նրա փաստաբան Արսեն Մկրտչյանի խոսքով, բոլոր հարցերին կանդրադառնան, երբ Հուրգադայում մնացածները Հայաստան հասնեն: - «Համենայնդեպս, տնօրենը խույս չի տվել հանդիպումներից, եղել են զայրացած խոսակցություններ կամ ինչ, բայց, համենայնդեպս, 28 տարեկան կինը, որը ուժային կառույցից դուրս է գալիս՝ բանակցություններ է վարում, այսինքն՝ տեսնում է պետության աջակցությունը, մյուս կողմից էլ չի փախնում, գալիս է իր հաճախորդների հետ պարզ ասում է, որ նախևառաջ լուծվելու է Հայաստան վերադարձողների հարցը», - մեկնաբանեց Մկրտչյանը:

Ոստիկանությունից տեղեկացանք, որ այժմ 6֊րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Փաստաբան Մկրտչյանի խոսքով՝ Անի Ալեքսանյանն ինքն էլ դիմել է Ազգային Անվտանգության մարմիններին, թե իր գործունենությունը խոչընդոտվել է:

«Գործ չկա հարուցված՝ ո՛չ քրեական, ո՛չ քաղաքացիական վարույթներ, ո՛չ էլ վարչական վարույթներ։ կա խնդիր, որ ընկերության տնօրենը դիմում է ներկայացրել պատկան մարմնին, որով շարադրել է փաստեր, որ իր ընկերության գործունեությունը հանդիպել է խոչընդոտների և ակնկալել է պատկան մարմնի աջակցությունը», ֊ պատմեց փաստաբանը։

Արդյոք «Էյ ընդ ար Տուրս»֊ի ձախողված զբոսաշրջությունից տուժածները պատրաստվում են դատարան դիմել։

Իրավաբան Հովհաննես Չամսարյանն ընդգծում է՝ նույնիսկ եթե պայմանագիր չկա գործակալության հետ, դատարան կարող են դիմել, եթե իրենց ձեռքում է ավիատոմսը և այն կեղծ չէ։ Ամիսներ առաջ «Անռիվա» ընկերությունն էր իրավապահներին դիմել, ահազանգով, թե «Էյ ընդ Արը» կեղծ տոմսեր է վաճառում:

Ավելի բարդ է՝ հանգստից հետո Հուրգադայում մնացածների հարցը. ըստ փաստաբանի նրանց կրած չարչարանքը փողով չի չափվում. ֊ «Գումարը պահանջում են՝ դա ամենալավ տարբերակը չի իրենց խախտված իրավունքը վերականգնելու համար, որովհետև փաստացի մարդիկ ապրումների մեջ են»։

Զբոսաշրջային գործունենություն ծավալողների համար հայաստանյան օրենսդրությունը ոչ թե թերի է, այլ բացակայում է, շեշտում է իրավաբանը։ Սա՝ չլիցենզավորվող, ազատ, չկարգավորվող ոլորտ է, ով կուզի՝ կզբաղվի։ Չկան նաև սպառողների պաշտպանությանն ուղղված կարգավորումներ։

Զբոսաշրջության կոմիտեից մեր հարցմանը պատասխանեցին ՝ օրենսդրական կարգավորման կարիք կա, մշակվում է Զբոսաշրջության մասին օրենքը, որով էլ կփորձեն լուծել խնդիրները, օրինակ՝ ստեղծել փոխհատուցման մեխանիզմ:

Իսկ քանի դեռ օրենք չկա՝ փաստաբան Չամսարյանն առաջարկում է ռիսկերը զսպել ինքնուրույն. ֊ «Քանի որ իրավական առումով դաշտը կարգավորված չի, քաղաքացիները գոնե պետք է փորձեն սեփական նախաձեռնությամբ դա անեն։ Օրինակ՝ կնքեն պայմանագիր և հստակեցնեն բոլոր պայմանները, չվերթի օրը, ժամկետները, ուշացման դեպքում կիրառվող սանկցիաները»։

Եվս մի բան՝ խորհուրդ է տալիս անպայման ճշտեն, թե որ ընկերությունն է իրականացնում չվերթը, որքանով է այն հուսալի։ Իրավաբանի կարծիքով՝ այս ամբողջ հետաքննությունը այն նվազագույնն է, որ պետք է անել՝ հանգստի իսկապես մեկնելու կամ ծովափից հաստատ վերադառնալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG