Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ «Պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը»


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը այսօր ուղերձ է հղել, որում ընդգծել է որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը, ասում է քննարկման առարկա պետք է դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին:

Արմեն Սարգսյանը տեղեկացնում է՝ վերջին շրջանում հանդիպել է ու շարունակելու է հանդիպել քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին ու անհատներին և բոլոր նրանց, ովքեր պատրաստ են երկխոսության: Նախագահը հույս է հայտնում, որ ընթացիկ և հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլև պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման և համագործակցության խորացմանը:

Նախագահն ընդգծում է.֊ «Առաջ գնալու համար հաճախ օգտակար է կարճատև դադարը, անելիքը ևս մեկ անգամ ծանրութեթև անելը»:

Օրեր առաջ ՀՅԴ֊ն ևս 6 կուսակցությունների հետ հայտարարություն էր տարածել Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ, որում նախագահից պահանջել էր ուղերձով դիմել Ազգային ժողովին՝ դատական իշխանության շուրջ ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, դատարանների և դատավորների` ներառյալ Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը խաթարող գործընթացները կասեցնելու, արդարադատություն իրականացնելիս նրանց անկախությունը երաշխավորող սահմանադրական նորմերի ամբողջական ապահովման նպատակով:

«Շատ կոնկրետ պահանջ ենք ունեցել՝ դիմել ԱԺ֊ին և այս փուլում կարծում եմ ողջունելի է նախագահի ուղերձը և մենք ողջունում ենք, որտեղ շատ հստակ մեսիջներ կային: Մեր պահանջներից մեկը շատ հստակ էր, որ անձամբ դիմեր ԱԺ֊ին վիճակը լիցքաթափելու առումով, հիմա նախագահը ընտրել է ուղերձի այս ձևը», ֊ «Ազատության» հետ զրույցում նախագահի ուղերձը մեկնաբանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը իրենց այս ուղերձի հասցեատեր չէին համարում ու չցանկացան մեկնաբանել նախագահի ուղերձը։ Մեկնաբանությունից հրաժարվեց նաև վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Արմեն Սարգսյանի փոխանցմամբ, ինքը ուշադրությամբ հետևում է հնչող բազմաթիվ հայտարարություններին, բայց հնարավորինս ձեռնպահ է մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, հակադարձում է՝ Արմեն Սարգսյանը չպետք է ձեռնպահ մնա խոսելուց և ավելի բաց տեքստով պետք է ասի իր կարծիքը․ ֊ «Այն դեպքում, երբ որ ընդհանուր բնույթի հայտարարություն է ասվում, ընդհանրապես անհասկանալի է։ Եվ ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չպետք է ճգնեմ՝ գլխի ընկնելու, թե ինչ նկատի ունի տողատակերում կամ ինչ նպատակ ունի այդ ուղերձը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG