Մատչելիության հղումներ

Հայաստանի քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ Եգիպտոսից


Հուրգադայի համայնապատկեր, արխիվ
Հուրգադայի համայնապատկեր, արխիվ

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում են մնացել մոտ 100 հայաստանցիներ, որ Եգիպտոս ծովափնյա հանգստի էին մեկնել։ 10 օրով Հուրգադա մեկնած Ալլա Մինասյանը հեռախոսով մեզ փոխանցեց, որ անորոշության մեջ են, տարածքում սննդի կետեր չկան, հյուրանոցային թանկ ծառայություններից շատերն օգտվել չեն կարողանում, վերադարձի ուղիներն էլ շատ թանկ են:

«Մենք ֆոյեում ենք հիմա գտնվում հյուրանոցի, սպասում ենք՝ տեսնենք թռիչք լինելո՞ւ է: Մի երկու անգամ խոսել եմ այստեղի դեսպանի հետ, ինքն ասաց՝ մենք փորձում ենք ինչ֊որ բան անել, հետո զանգահարեցի՝ այլևս չպատասխանեցին: Մարդիկ գիշերն էլ են մնացել ֆոյեում և սննդի խնդիր էլ են ունեցել, որովհետև հյուրանոցներն այլև չեն ապահովում իրենց սնունդով և մեծ գումարներ են պահանջում այստեղից ինչ֊որ տոմս գնել, ինչ֊որ ուղիներով հասնել Երևան, որովհետև այստեղից, բնականաբար, ուրիշ թռիչք չկա», ֊ պատմեց նա:

Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հյուպատոսը փոխանցել է՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։ Հունական ավիափոխադրողը պատրաստ է, գումարը ստանալու դեպքում, իրականացնել չվերթը։ Երբ՝ Եգիպտոսի հայաստանյան դեսպանությունում բացված թեժ գծից ասում են՝ չգիտենք:

Քաղաքացիների մեկնումը չարտերային չվերթով կազմակերպել էր «Էյ ընդ Ար Տուր» կազմակերպությունը։ Իսկ խնդիրներն սկսվել էին մի քանի օր առաջ․ հուլիսի 23–ին չեղարկվել էին Երևան ֊ Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ չվերթները։

Այսօր առավոտյան պլանավորված Երևան֊Հուրգադա թռիչքն էլ չի կայացել․ մարդիկ տուրիստական ընկերության գրասենյակում էին փորձում որևէ տեղեկություն ստանալ:

«Մերը ամսի 23֊ին էր՝ հետաձգեցին: Էսօր էլ հետաձգեցին: Պատկերացրու՝ Քաջարանից 12 հոգով եկել֊հասել ենք ստեղ ու սրանց երեսից չորս օրա հյուրանոցի, սննդի․․․ տես՝ ինչքա՜ն ծախսերի տակ ենք ընկել», ֊ պատմում է տուրփաթեթ ձեռք բերած Գուրգեն Հարությունյանը:

Արկադի Դավթյանն էլ ավելացնում է՝ «տնօրենին ենք սպասում, չկա»:

«Էյ ընդ Ար տուրի» տնօրեն Անի Ալեքսանյանին երկար սպասեցին, չեկավ։ Լիաննա Հովհաննիսյանն առավոտյան օդանավակայանում է տեղեկացել, որ տասնօրյա ծովափի հանգիստը ձախողված է. ֊ «Վրդովված էի ու վրդովված էի խոսում: Իմ վրա հեռախոսը անջատեցին, ասելով, որ՝ մեկ ժամից մոտեցեք օֆիս, տնօրենը տեղում կլինի ու ձեր հարցերին կպատասխանի: Դա ժամը 10:00֊ն էր: Արդեն 12:00֊ն էր՝ մենք եկանք, մեզ ասացին, որ մեկ ժամից կգա՝ արդեն ժամը 1-ն է՝ դեռ չի հայտնվել»:

Տնօրենն այդպես էլ չեկավ, իրենց աշխատասեղանները լքել էին նաև գրասենյակի բոլոր աշխատակիցները, հավաքվածները չէին կարողանում որևէ տեղեկություն ստանալ՝ ի վերջո հանգստի մեկնելու են, թե ոչ և ինչ է լինելու Հուրգադայում մնացածների հետ։ Այս ընկերության հետ աշխատող գործընկեր տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչներին էլ չէր հաջողվում որևէ բան ճշտել:

Եգիպտոսի 4 տոմս գնած ու այսօր առավոտյան Հուրգադա այդպես էլ չմեկնած Աննա Մուրադխանյանը հավաքվածների մեջ միակն էր, որ այս ընկերության հետ պայմանագիր ուներ, ասաց՝ համարյա ուժով է այն կնքել: ֊ «Ասացին, որ՝ մենք պայմանագիր չենք կնքում, բայց ես պնդեցի, որ ինձ պայմանագիրա պետք: Հանեցին՝ ինչ֊որ տպած թուղթ տվեցին առանց ստորագրություն, առանց կնիք: Ես ասացի, որ դա ոչ մի ուժ չունի, ձեր տպած տեքստը ո՞ւմա պետք: Բորբոքված, վրդովված, կատաղած ձևերով վերջը ես հասա նրան, որ ստորագրեցին ու կնքեցին: Ես պետք ա էդ ժամանակ հասկանայի, որ էս կազմակերպությունը բավականին անլուրջ կազմակերպություն է», ֊ պատմեց Մուրադխանյանը:

Իսկ պայմանագրում շեշտված է, որ կատարողը չվերթի չեղարկման համար որևէ պատասխանատվություն չի կրում, այստեղ նույնիսկ մեկնման ու վերադարձի ժամկետներ չկան: Շատերն էին շեշտում որ «Էյ ընդ Ար Տուրը» դաշտում անհամեմատ մատչելի գներով է աշխատում, քննարկում էին՝ գուցե այս ամենը մրցակիցների ձեռքի գործն է:

Այս քննարկումը նաև Եգիպտոսում մնացածներին է հասել։ ֊ «Լուրեր են շրջանառվում, որ ինչ֊որ այլ գործակալություն խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի այս թռիչքները չիրականանա», ֊ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Հուրգադայում մնացած Ալլա Մինասյանը։

Առաջիկա օրերին ու օգոստոս ամսվա համար ընկերության միջոցով տուրփաթեթներ գնած կազմակերպություններն ու քաղաքացիներն այժմ իրենց գումարներն են ցանկանում ետ ստանալ, բայց դեռ պարզ չէ՝ ինչպե՞ս։

Կապանից Երևան հասած ու Հուրգադա մեկնել երազող Գուրգեն Հարությունյանն էլ բոլորի պես փոշմանած է՝ ասաց՝ իրենց Ճոխտա գետի եզրին կհանգստանար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG