Գեղանկարիչ, արվեստաբան Նարեկ Ավետիսյանը տասնյակ ու տասնյակ անհատական ցուցահանդեսներ է ունեցել, նաև՝ մասնակցել բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանյան մի շարք երկրներում: Եվ ահա, «Արամե» ցուցասրահում օրերս բացված անհատական ցուցահանդեսում գեղանկարիչը ներկայացնում է վերջին երկու տարիներին ստեղծած նոր շարքը՝ «Ջաջուռյան կտավներ» ընդհանրական խորագրի ներքո, իսկ մեծ ու փոքր շլացուցիչ տաք, գունեղ կտավներից յուրաքանչյուրն իր խորագիրն ունի:
«Հիմնականում երկու ֆորմատի աշխատանքներ ենք տեսնում։ Մեծերը բոլորը 18 թվականի է, վեց հատը 19 թվական, ավելի փոքր աշխատանքների մեջ կան դեռևս 11 թվականից մի քանիսը։ Նախնական շարքը ոգեվառ էր, որովհետև ես շատ ոգևորվածություն ունեի։ Դա հետո բերեց նրան, որ անցած տարի հեղափոխության օրերին ոգևորությունը համազգային ինձ նույնպես կլանեց և երևի այդ ոգեվառը կրկին վերապրեցի և նոր շարունակություն պատկերացրեցի», - նշեց Ավետիսյանը։
«Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում Նարեկ Ավետիսյանն ասաց, որ այս ցուցահանդեսը, թերևս, կարելի է հոբելյանական կոչել, եթե հաշվի առնենք, որ այս տարի իր ծննդյան 50-ամյակն է լրանում:
«Խորհրդանշական բան է երևի նկարչի կյանքում ու ինչ-որ մի տարիք է գալիս, որ մի փուլ երևի հաղթահարում ես և ուզում ես ներկայացնել անցումը դեպի մեկ այլ ուրիշ շրջան, նոր շրջան։ Այստեղ ներկայացված է 30 աշխատանք, տպագրվել է պատկերագիրք», - ընդգծեց գեղանկարիչը։
«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս կբնորոշի, կբնութագրի այս գեղանկարչական մտածողությունը կամ ոճը, Ավետիսյանը պատասխանեց. «Ժամանակակից արվեստ է, շատ մոտ է էքսպրեսիվ աբստրակցիային, բայց սա ավելի անհատական մեկնաբանությունն է այդ ոճամտածողության»։
Նարեկ Ավետիսյանը շեշտում էր, որ արդեն 20 տարեկանում հասկացել է, որ լրջորեն զբաղվելու է ժամանակակից արվեստով։
«Էդ ուսուցման շրջանում էր, իհարկե, Թերլեմեզյանի ուսումնարանի և Գեղարվեստի ակադեմիայի առաջին տարիները, ռադիկալությունը ինձ բնորոշ էր վաղ տարիքում, դրա համար ես ընտրել էի շատ նորարարական մոտեցում, հիմնականում այդ պատճառով հեռացվեցի Գեղարվեստի ինստիտուտից», - ասաց Ավետիսյանը։
«Ազատության» հարցին, թե ի՞նչն է եղել ամենակարևորը իր համար ստեղծագործական ուղու ընթացքում, պատասխանեց. «Արվեստի ուժը, արվեստը ուժ ունի, զորություն ունի, մեծ զորություն ունի։ Դա լույս է, որը ձևափոխվում դառնում է պատկեր, իսկ լույսը շատ մեծ փիլիսոփայություն է, դրա համար էլ ես ինձ բնապաշտ, արևապաշտ եմ համարում, որովհետև լիցքերը ստանում եմ բնությունից, նորից ձևափոխում, վերադարձնում եմ մարդկանց»։