Մատչելիության հղումներ

Ինքնասպանության հասցնելու համար Զոհրաբյանն արդեն առաջարկում է սահմանել 7-10 տարվա ազատազրկում


ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան, արխիվ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ շարքային Վոլոդյա Գալոյանի սպանության գործով ձերբակալվել է մարտական դիրքի ավագը՝ ենթակային ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու կամ դա գործադրել սպառնալու կասկածանքով:

Ըստ պաշտոնական վարկածի, շարքային Վոլոդյա Գալոյանը ինքնասպան է եղել։

Այս դեպքից մի քանի օր առաջ էլ՝ մարտական դիրքի դիտակետում հուլիսի 20-ին ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել էր Համիկ Վարդանյանը, ըստ Զինվորական քննչական գլխավոր վարչության՝ ինքնասպան է եղել:

Բանակում մեկը մյուսին հաջորդող ինքնասպանության դեպքերից հետո՝ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ առաջարկով՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ անել և ինքնասպանության հասցնելու համար պատիժը խստացնել՝ սահմանելով 7-10 տարվա ազատազրկում։

«Ես հասկանում եմ, իհարկե, որ միայն այս օրենսդրական նախաձեռնությամբ մենք չենք լուծելու այս համակարգային լրջագույն խնդիրը, որը բնականաբար կա աշխարհի բոլոր երկրների բանակերում, որովհետև այստեղ նաև լուրջ էսպես ներքին կանոնադրական հարաբերություններ պիտի փոխվեն, հոգեբանական մթնոլորտ պիտի փոխվի բանակում, և սա պաշտպանության նախարարի հրամանով, հրահանգով կամ բարի ցանկությամբ, բարի կամքով չի փոխվելու, բայց ես պատգամավոր եմ, իմ գործիքը օրենսդրական նախաձեռնությունն է, ես անում եմ իմ գործը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Զոհրաբյանը։

Նա փոխանցեց՝ առաջարկի շուրջ այսօր քննարկում է ունեցել Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։

«Միգուցե նաև համահեղինակ կդառնա պարոն Քոչարյանը այս նախագծի, և նաև ինքը ևս կողմ էր պատժի խստացմանը։ «Իմ քայլ»-ից իմ մի քանի գործընկերների հետ քննարկելու արդյունքում ես որոշեցի, որ պատժաչափը Քրեական օրենսգրքի 110 հոդվածի իմ նախնական տարբերակի 5-7 տարին պիտի առավել խստացնել՝ սարքելով 7-10 տարի ազատազրկում բոլոր նրանց համար, ովքեր նվաստացնելով, ստորացնելով զինվորին, զինծառայողին, նորակոչիկին, նրան կդրդեն ինքնասպանության», - ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց՝ նախագծի շուրջ խմբակցությունում դեռ քննարկումներ չեն եղել։ Ասաց՝ մտահոգիչ է համարում ինքնասպանության հասցնելու հետևանքով Զինված ուժերում մահացությունների թիվը, սակայն պատիժը խստացնելը միակ լուծումը չպետք է լինի։

«Եթե մենք ունենանք մեծ քանակությամբ բացահայտված դեպքեր, ինքնասպանության դեպքերի հետ կապված, դա ավելի լավ կաշխատի, քան թե, եթե պատիժը խստացնենք։ Որովհետև եթե անգամ պատիժը խստացնենք ու օրինակ՝ 5 տարին փոխենք 10 կամ 20 տարով, բայց պատժի անխուսափելիության սկզբունքը չկիրառենք, մենք էլի մեր դրական նպատակին և արդյունքին չենք հասնի», - ասաց Սինանյանը։

«Իմ քայլը» խմբակցությունից հայտնեցին, որ Զոհրաբյանի առաջարկը դեռ չեն քննարկել։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հիմնավոր և տրամաբանական է համարում Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջարկը։ Նկատում է նաև՝ հաճախ չեն բացահայտվում ինքնասպանության պատճառները։

«Բռնությունների, հոգեբանական ճնշումների հավաստման կամ հաստատման ապացույցները դժվարությամբ են ձեռք բերվում, որովհետև մյուս ականատեսները, վկաները սովորաբար լռում են։ Այն քրեական գործերը, որոնք հարուցված են եղել ինքնասպանության հասցնելու հիմքով, ցույց են տալիս, որ միշտ ինքնասպանություն գործելուց առաջ անձը ենթարկվել է ամենատարբեր նվաստացումների, ֆիզիկական, հոգեբանական բռնությունների։ Այսինքն՝ այն պատիժը, որը նախատեսում է ինքնասպանություն գործելով և կարծես թե դրանով սահմանափակվում էր քրեական գործով մեղավորին պատասխանատվության ենթարկելը, դա ամբողջությամբ չի արտահայտում քրեական հանցագործության ողջ ծավալը», - նշեց Սաքունցը։

Գլխավոր դատախազությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում են՝ Հայաստանի զինված ուժերում և Ղարաբաղի Պաշտպանության բանակում 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք: 2018 թվականին նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք:

2019-ի հունվարի 1-ից մինչև հուլիսի 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու 6 դեպք, որից 5-ը ծառայության հետ կապված, մեկը՝ ծառայության հետ չկապված։ 2018 թվականի հունվարից մինչև դեկտեմբերի 31-ը արձանագրվել է ինքնասպանության 11 դեպք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG