Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություններ անել և ինքնասպանության դրդելու համար պատիժը խստացնել՝ սահմանելով 5-7 տարվա ազատազրկում։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Զոհրաբյանն ասաց․ - «Գործող Քրեական օրենսգրքի 110 հոդվածը ձևակերպված է այսպես՝ «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 3 տարի ժամկետով»: Ես կարծում եմ, որ սա իսկապես շատ քիչ պատժաչափ է զինվորին արժանապատվությունը նվաստացնելու և նրան ինքնասպանության դրդելու համար, և առաջարկում եմ 110 հոդվածը վերաշարադրել հետևյալ կերպ՝ «նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ, պատժվում է առավելագույնը 5 տարի ժամկետով»: Ես առաջարկում եմ, կրկնում եմ, 110 հոդվածը վերաձևակերպել հետևյալ կերպ, այսինքն՝ ավելացնել պատժաչափը: Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որը կատարվել է զորամասում կամ զինվորական ծառայությունը կրելու այլ վայրում՝ զինծառայողի նկատմամբ, ես առաջարկում եմ որպես ազատազրկում սահմանել ոչ թե 3 տարի, ինչպես նախատեսված է այս պահին Քրեական օրենսգրքում, այլ առաջարկում եմ որպես ազատազրկում սահմանել 5-ից 7 տարի»:
Պատգամավորը մտահոգիչ է համարում ինքնասպանության հասցնելու հետևանքով Զինված ուժերում մահացությունների թիվը: Օրենսդրական առաջարկով հանդես գալու մտադրությանը նախորդել են բանակում ինքնասպանության երկու դեպքեր։
Երեկ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «սպանության փորձի» և «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ տեղամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող, շարքային Գալոյանը սպանելու ուղղակի դիտավորությամբ ինքնաձիգից կրակահերթ էր արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Գալոյանը թողել էր դիրքի տարածքը, ինչից ժամեր անց մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ հայտնաբերվել է նրա դին՝ ծնոտի շրջանում հրազենային վնասվածքով, և կողքին ընկած նրա ինքնաձիգը, ասված էր հաղորդագրությունում:
Այս դեպքից մի քանի օր առաջ էլ՝ հուլիսի 20-ին, մարտական դիրքի դիտակետում ճակատի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացել է Համիկ Վարդանյանը, ըստ Զինվորական քննչական գլխավոր վարչության՝ ինքնասպան է եղել: Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելու հոդվածով: Դեպքին անդրադարձել էր նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը. - «Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զինծառայողի այդ հոգեվիճակը: Պետք էր շատ ավելի աշխատել։ Հանձնարարությունները տրված են»:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ խնդիրն ավելի համապարփակ լուծում է պահանջում:
Գլխավոր դատախազությունից հայտնում են՝ Հայաստանի Զինված ուժերում և Ղարաբաղի Պաշտպանության բանակում 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք: 2018-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 31 զինծառայողի մահվան դեպք: Ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու պատճառով՝ 2019-ի հունվարից մինչև հուլիսի 24-ը մահվան 5 դեպք է գրանցվել, նախորդ տարվա հունվարից մինչև մայիս ամիսը՝ 6: