Մատչելիության հղումներ

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները է՛լ ավելի են սրվում


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Թուրքիայի համբերությունը սպառվում է, մեզ Վաշինգտոնի արձագանքը չի բավարարում», - երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ է՛լ ավելի սրելով երկու երկրների երբեմնի դաշնակցային հարաբերությունները:

Այս անգամ կրքերը լարվել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու և տեղից քուրդ զինյալներին հանելու՝ դեռ անցած տարի ձեռք բերված համաձայնագրի շուրջ: «Ամերիկան որևէ հստակ քայլ չի անում այս հարցի ուղղությամբ», - երեկ Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: - «Մեզ մոտ տպավորություն է, որ ամերիկացիներն ուզում են սառեցնել գործընթացը: Մենք պետք է օր առաջ խոսքից գործի անցնենք, քանի որ այլևս չենք կարող սպասել»:

Միացյալ Նահանգները տարիներ շարունակ աջակցել է Սիրիայի քրդական ուժերին, հենց նրանց օգնությամբ էր միջազգային կոալիցիան պայքարում «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Անկարան, մինչդեռ, երբեք չի թաքցրել, որ չի հանդուրժի քրդերի ամրապնդումն իր երկրի սահմանների մոտ:

Տարաձայնությունը հարթելու համար անցած տարի հունիսին Թուրքիայի արտգործնախարարը անձամբ մեկնել էր Վաշինգտոնը՝ ամերիկացի գործընկերոջը հանդիպելու: Այցից հետո, վերադառնալով Թուրքիա, Չավուշօղլուն պնդել էր, թե հաջողել են ճանապարհային քարտեզ մշակել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքից քրդական ուժերի դուրսբերման և տեղում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ: Ընդ որում, այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը պնդել էր՝ ըստ այդ պլանի, գործընթացը պետք է ավարտվի ամենաուշը վեց ամսից:

Դրա փոխարեն, սակայն, անցած երկուշաբթի ամերիկացի բարձրաստիճան զինվորականները պաշտոնական հանդիպում էին ունեցել Սիրիայի քրդական դեմոկրատական ուժերի ներկայացուցիչների հետ՝ է՛լ ավելի գրգռելով Անկարայի զայրույթը: «Դա վկայում է, որ Վաշինգտոնն անկեղծ չէ մեզ հետ», - երեկ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ավելի վաղ՝ այս տարվա սկզբին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին սպառնացել էր հարցը լուծել ռազմական ճանապարհով և հարձակում սկսել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական խմբավորումների դեմ, ռազմական գործողությունը, սակայն, սառեցվել էր։ Երեկ Չավուշօղլուն վերստին օրակարգ է բերել հարցը:

«Մենք այն ժամանակ դեռ ռազմական գործողության պլան էինք մշակել, որը, սակայն, սառեցրեցինք՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով: Հիմա այլևս սպասելու միտք չունենք, և եթե անվտանգության գոտու հարցը չլուծվի, հաստատակամ ենք անել հնարավորը՝ ինքներս մեզ պաշտպանելու համար», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG