Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչում հուլիսի 27-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կհանդիպեն գործող չեմպիոն Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները:
Չորեքշաբթի երեկոյան կայացած կիսաեզրափակիչ հանդիպումներում Պորտուգալիայի ընտրանին 4:0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի թիմի նկատմամբ, Իսպանիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց ֆրանսիացիներին՝ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերից ոչ մեկին չէր հաջողվել գրավել մրցակցի դարպասը:
Առաջնության եզրափակիչ մրցաշարը Երևանում անցկացվում է հուլիսի 14-ից: Հայաստանի հավաքականը A խմբում պարտվեց բոլոր երեք հանդիպումներում՝ Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի թիմերին, և հրաժեշտ տվեց մրցաշարին՝ խփելով ընդամենը մեկ գնդակ․ առաջին խաղում իսպանացիների դարպասը գրավեց Արսեն Եղիազարյանը: