Տեսանք, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որ միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին, այս մասին հատարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումից հետո։
«Սպասում եմ իմ գործընկերոջը Հայաստանում պատասխան այցով», - նշել է Մնացականյանը։
Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ շատ էական է համագործակցության միջխորհրդարանական հարթակը՝ ընդգծելով. «Մենք մեր կողմից փորձում ենք մեր ներդրումն ունենալ, արտաքին ոլորտի պատասխանատուների, արտաքին ոլորտի գերատեսչությունների մակարդակով ակտիվ պահել այդ երկխոսությունը և համագործակցությունը»:
Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքէջը, Մնացականյանը նշել է, որ հանդիպման ընթացքում նրանք նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և վերահաստատել հակամարտությունների լուծման բացառապես խաղաղ ճանապարհը։
«Արդեն տեսաք՝ որքան ժամանակ պահանջվեց արտահայտելու, թե ինչ ենք քննարկել, որը կրկին ցույց է տալիս, թե որքան լայն է հարցերի շրջանակը, որը միավորում է մեզ՝ Հայաստանին և Վրաստանին», - նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: