Խաժակյանի խոսքով, ութ տարի քաղաքային իշխանությունում աշխատավարձ չի փոխվել, փորձ եղել է՝ առանց հաջողության:
«Երբ քաղաքապետը այս մայիս ամսին ներկայացրեց և բերեց քննարկման նոր հաստիքացուցակը՝ նոր աշխատավարձային ֆոնդով, սպասումներ ձևավորվեցին աշխատակազմի մոտ, որոնք հետագայում մնացին չբավարարված, երբ քաղաքապետը ինքը հետ կանչեց այդ նախագիծը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Խաժակյանը: - «Այդ բարձրացումը մենք գնահատեցինք որպես անհամաչափ, որովհետև քաղաքապետը իր և մի շարք այլ վերին օղակների աշխատավարձերը կրկնապատկել էր, իսկ ավելի մասնագիտական, ստորին օղակներինը բարձրացրել էր մեկ քառորդով»:
Երևանի քաղաքապետը, օրինակ, այսօր ստանում է 575 հազար դրամ՝ հարկերը ներառյալ: Նախորդ՝ քննարկումից հանված նախագծով թիվը պետք է կրկնապատկվեր, հասներ մեկ միլիոն 200 հազար դրամի։ Խաժակյանի առաջարկով Մարությանի աշխատավարձը ավելանում է 30 տոկոսով՝ ստացվում է 741 հազար դրամ:
Խաժակյանն ասում է, որ նախորդ նախագծի ձախողումից հետո աշխատակազմում աշխատավարձի ավելացման սպասումներ կան, և դրանք պետք է իրականացնել հիմա․ - «Մենք առաջարկում ենք սա իրականացնել արտահերթ նիստով՝ չսպասելով սեպտեմբերի հերթական նիստին»:
Աշխատավարձի տարեկան ֆոնդը, Խաժակյանի հաշվարկով, 587 միլիոն դրամ կկազմի, մի քանի միլիոնով պակաս, քան այն ինչ քաղաքապետն էր առաջարկում: Ավագանու անդամը շեշտում է, որ այսօր պարգևատրումներով են փորձում կոմպենսացնել ցածր աշխատավարձի խնդիրը, բայց այդ պարգևատրումները հատկապես վարչական շրջանների ղեկավարները շատ կամայական են տալիս: Խաժակյանն ահազանգեր ունի․ - «Եթե ցանկով նայենք, թե ում որքան է տրվում, կհասկանանք, որ կողմնապահություն կա՝ նոր եկածներ, հին եկածներ»:
Դավիթ Խաժակյանը քաղաքապետին առաջարկում է լավ աշխատանքի մոտիվացիա ստեղծել բոլորի համար:
Աշխատավարձերի բարձրացման նախագիծ կարող է ներկայացնել միայն քաղաքապետը, ապա ստանալ ավագանու հավանությունը: Խաժակյանն այս դեպքում ոչ թե նախագիծ, այլ պարզապես առաջարկ-հավելված է ներկայացրել քաղաքապետին։ Քաղաքապետարանից առայժմ որևէ արձագանք չկա:
Ավագանու խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանը» հարցը կքննարկի երեկոյան հրավիրելիք նիստում: Խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը հիշեցնում է, որ նախորդ նախագծին դեմ էին, քանի որ այն վերանայումը համարում էին անհամաչափ․ - «Սա նոնսենսային նախագիծ էր, և ես կարծում եմ, որ «Իմ քայլն» էլ հասկացավ և հենց ինքը տապալեց այս նախագիծը»:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը շեշտեց, որ իրենց օրակարգում աշխատավարձի փոփոխության հարց այս պահին չկա։
Խմբակցության անդամներից Արմեն Գալջյանը հստակեցրեց, որ դեմ են, քանի որ բոլորինը համաչափ բարձրացնելը տրամաբանական չէ․ - «Ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձանց և ավելի ցածր պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձերը բարձրանա համաչափ, դա կարծում եմ, այնքան էլ արդարացի չի իրենց աշխատանքի պատասխանատվության չափից»:
Քաղաքային իշխանության աշխատավարձերի վերանայումը ավագանու անդամը համարում է վաղաժամ: Նա համաձայն չէ, թե նման սպասում են ձևավորել․ - «Սպասումներ ենք արթնացրել նաև ժողովրդի մոտ, և կարծում եմ, այս դեպքում ավելի կարևոր է ոչ աշխատակազմի սպասումները, այլ ժողովրդի: Իսկ աշխատակազմի ֆինանսական կայունությունը ապահովվում է պարգևավճարների տեսքով այս պահին»:
Արմեն Գալջյանն ասում է, թե քաղաքը բազմաթիվ խնդիրներ ունի, մարդիկ սպասում են, որ վերջապես նորմալ աղբահանություն իրականացվի․ - «Հանրությունը պետք է գնահատական տա, և հանրություն չի խորանալու՝ ով կապ ունի: Հանրությանը պետք է, որ աղբը այդտեղ չլինի: Այսօր այդ աղբի այդտեղ լինելու պատասխանատուն մենք ենք: Եվ եթե մենք հիմա բարձրացնենք, օրինակ, քաղաքապետի կամ վարչության պետերի աշխատավարձերը, մարդիկ կասեն՝ հարգելիս, աղբը այնտեղ է, ինչի՞ համար եք դուք աշխատավարձը բարձրացնում»:
Խաժակյանը հակադարձում է՝ ասելով, որ քաղաքային իշխանության միջին, ստորին օղակները մեղավոր չեն այդ խնդիրների համար, նրանց աշխատավարձի վերանայումն ինչո՞ւ պիտի այդ խնդիրների լուծման հետ կապվի․ - «Դա իրականում քաղաքական որոշումների խնդիր է և քաղաքական վերնախավի խնդիր է»:
«Իմ քայլը» խմբակցությունից առաջարկում են աշխատավարձի հարց քննարկել աշնանը՝ հույսով, որ քաղաքի աղբն այդ ժամանակ հավաքված կլինի: