Մինչև հիմա ոչ ոք չէր մտածել դրա ծագումնաբանության մասին։ Տարիներ շարունակ Սուրբ Աստվածածնում և՛ հայեր, և՛ ասորիներ են աղոթել ու մոմ վառել։
Տիկին Քնարիկը անգամ հիշում է, որ եկեղեցու նախկին մոմավաճառ Ասյան ասորի էր․ - «Ռուսաստանից եկավ, տեսավ, որ եկեղեցիները աշխատող չկա, էկավ էրկու եկեղեցուն էլ տեր կանգնավ էս պառավը։ Էթում էր ամիսը մեկ անգամ Ռուսաստանից հավաքում էր փող սրանից-նրանից, հավաքում էր բերում էր, ինչ էլ տեղի հայերն ու ասորիները հավաքում էին, տալիս էին, էն ժամն էլ նորոգեց, էս ժամն էլ»:
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմից պնդում են՝ Սուրբ Աստվածածինը, արխիվային տվյալների համաձայն, 1860-ականներից սկսած մինչև 1917 թվականը ընդգրկված է եղել Երևանի թեմում, այդ նույն ընթացքում եկեղեցին սպասարկել են տեր Ղազար քահանա Տեր-Վարդանյանն ու տեր Արիստակես քահանա Տեր-Վարդանյանը:
Արարատյան թեմից դեռ խուսափում են պաշտոնապես հայտարարել՝ եկեղեցին հայկակա՞ն է, թե՞ ոչ։ Ասում են, որ այժմ ուսումնասիրվում են արխիվային տվյալները, նաև ասորական աղբյուրները։
«Եթե իրականում պարզվի, որ դա ասորական եկեղեցի ա, ես շատ ուրախ կլինեմ, և կարծում եմ, ինձ նման շատերը՝ իմանալով, որ մեր հայրենակից Հովակիմ Տեր-Վարդանյանը, ինչպես արձանագրության մեջ ա երևում, իր միջոցներով օգնել ա վերագանգնել ասորական եկեղեցին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի ղեկավար Նոյեմի Անդրեասյանը:
Եկեղեցու կառուցման վերաբերյալ արձանագրությունը նույնպես հայերեն է։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի, եկեղեցին կառուցվել է 1863 թվականին: Հուշարձանագետը եկեղեցին հայկական է համարում՝ նախ արձանագրությունների բովանդակությունը հաշվի առնելով։
Կարապետյանի խոսքով, եկեղեցու ճարտարապետությունում էլ հայկական եկեղեցաշինությանը ոչ մի խորթ տարր չկա․ - «19-րդ դարում համանման եկեղեցիներ այնքան շատ են կառուցվել թե՛ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՛ Արցախում, Ջավախքում, Պարսկահայքում: Ամեն տեղ կան պահպանված»:
Բազիլիկի ներսի հատվածն էլ է բնորոշ տեղական ճարտարապետությանը։ Սյունները, խորանն ու հատկապես մկրտարանի ավազանը, ըստ Կարապետյանի, հայկական են․ - «Ուղղափառ դավանանքի ժողովուրդներից ոչ մեկը չունի մկրտարանի ավազան»:
Սակայն եկեղեցու հայկական լինելու մասին պնդումները գյուղի ասորի բնակիչների համար հավաստի չեն թվում։
«Հիմա էլ եկել են ասում են՝ հայկական է: Դա հայկական չի։ Դա ասորական ա։ Էն մեր եկեղեցի պես Դվինում կա, Արզնիում կա», - պնդում է Դիմիտրովի ասորի բնակիչներից մեկը։
Որ եկեղեցին ասորական է, գյուղի ասորիների պնդմամբ, փաստում է նաև ասորի հեղինակի 1884 թվականին հրատարակված գիրքը, որում նաև Դիմիտրով գյուղի երկու ասորական եկեղեցիների մասին վկայություն կա։
Ասորական «Խայադտա» հասարակական կազմակերպության տվյալով՝ Հայաստանի տարածքում գործող 4 ասորական եկեղեցի կա, մեկն էլ չի գործում։
Վիճահարույց եկեղեցին տվյալների մեջ ներառված չէ։ Ի դեպ, նույն այդ տվյալներով, Դիմիտրով գյուղում ավելի քան 300 ընտանիք կա, որոնցից 80-ը՝ ասորական։
Իսկ ամբողջ Հայաստանի տարածքում, 2011 թվականի մարդահամարի համաձայն, ասորիների թիվը 2 769-ի է հասնում, նրանք բնակչության թվով 4-րդն են՝ հայերից, եզդիներից ու ռուսներից հետո։