Մատչելիության հղումներ

ՊՎԾ-ն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի ամփոփ հաշվետվությունը


Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) հրապարակել է 2019 թվականի առաջին կիսամյակի ամփոփ հաշվետվությունը, որում 20 կետով ներկայացրել է ոստիկանությունում, ջրօգտագործող ընկերություններում, ԴԱՀԿ-ում, ֆուտբոլի ֆեդերացիայում ու մի շարք այլ ոլորտներում իրականացրած ուսումնասիրությունները: Միայն ջրօգտագործողների մասով կա 3,6 մլրդ դրամի խախտում, ասում է ՊՎԾ ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը:

«Վերաբերում է թվով մի քանի ջրօգտագործողների, մասնավորապես, Արմավիր, Էջմիածին, Արտաշատ, Արարատ ջրօգտագործողների ընկերությունում կատարված ուսումնասիրություններին։ Այս պահին ընթացքի մեջ են Երևան ջրօգտագործողների ընկերությունը, ինչպես նաև «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունը», - նշեց Զաքարյանը։

Տասնյակից ավելի քրեական գործերի հարուցման հիմքեր ստեղծած հաշվետվության մի շարք կետերում խնդրահարույց դրվագներ է նկատել «Քաղաքացու որոշում» արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցության գործադիր մարմնի անդամ, մի քանի ամիս որպես փոխվարչապետի օգնական պաշտոնավարած Միքայել Նահապետյանը: Նա նկատում է՝ կառույցը մատնանշում է խնդիրներ՝ չառաջարկելով համակարգային լուծումներ, չնայած նման պարտավորություն ունի:

«Էն ինչ ՊՎԾ-ն պետք է աներ, բայց չի արել որևէ այլ կառույց չի կարա անի։ Էսօր եթե մենք դնում, ասենք, իրանք գնում են մասնավոր դեպքերով գնումների մասին օրենքի խախտումներ են գտնում, Պետական վերահսկողական ծառայությունը գնահատե՞լ է գնումների մասին օրենքի արդյունավերությունը: Ինքը գնահատե՞լ է, որ երբ որ, ասենք, շտապօգնության մեքենայի կանչերը դու չես կարա հստակ իմանաս ինչքան է լինելու, երբ որ ամսի 27-ին, ամսվա վերջում դիզվառելիքը պրծնում է ու մինչև ամսվա սկիզբ դու չես կարա գնում կազմակերպես, բայց էդ ամիսը պետք է փակես, հրատապ կարգով, երբ որ էդ գնումը անում ես, խնդիրներ առաջանում է։ Գնացեք բուժկենտրոններ հարցրեք, այդ խնդիրը ռեալ կա, գալիս ստուգում են, ասում են՝ կոռուպցիոն ռիսկ կա։ Էս օրենքի արդյունավետությունը գնահատե՞լ է Պետական վերահսկողական ծառայությունը։ Ես կարծում եմ, որ առաջին բաներից մեկը պիտի դա լիներ՝ համակարգի արդյունավետությունը գնահատելը, - ընդգծեց Նահապետյանը՝ շարունակելով, - «Երկրորդ բանը, օրենքում Պետական վերահսկողական ծառայության մասին գրած է, որ ոչ միայն նյութական, այլ նաև ոչ նյութական միջոցների ծախսման արդյունավետության նկատմամբ է վերահսկողություն իրականացնում։ Այսինքն պետական ապարատում ծառայողի աշխատանքի, աշխատանքը ռեսուրս է չէ՞, վճարել են, այդ մարդը ժամանակ է գալիս ծախսում, այ իրա աշխատանքի արդյունավետության նկատմամբ գնահատական տրվե՞լ է, թե՞ չէ։ Այդ օպտիմալացումները, որ անում են, այդպիսի գնահատականի հիման վրա է պետք տենց օպտիմալացումներն անել։ Ինքը գնացել ինչ-որ մարդկանց է բռնում, լավ է անում, խնդիր չկա, խոշոր հաշվով դա իմ համար տարօրինակ չի։ Ինչի՞ տարօրինակ չի, եթե կառավարության նիստում վարչապետը կանգնում ասում է՝ «բենզալցակայաններն ու գազալցակայանները տոտալ առանց ՀԴՄ են աշխատում, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան զբաղվեք դրանով» ու մոռանում է հարկային մարմնի անունը տա, կարծես Դավիթ Անանյանը այդտեղ ընդհանրապես անելիք չունի, իմ համար լրիվ հասկանալի է, որ Պետական վերահսկողական ծառայությունը գնացել մարդիկ է բռնում համակարգի արդյունավետությունը գնահատելու փոխարեն»։

Կառույցից ասում են՝ իրենք ոչ միայն գնահատում են պետությանը պատճառած վնասը, այլ նաև արդյունավետության հարցն են քննարկում։ Հնչող քննադատություններին ի պատասխան հիշեցնում են՝ կառույցը նորաստեղծ է։

«Մեկ տարին նոր է, կարելի է ասել, լրացել, այդ առումով աշխատանքներ դեռ շատ կան անելու և բացահայտումները դեռ առջևում են լինելու և կոռուպցիոն մեխանիզմների վերհանումը, դրանց հետագա կանխարգելումը և պետական միջոցների արդյունավետ ծախսումը, կարծում եմ, դեռ անելիք ունի Հայաստանի Հանրապետությունում։ Ունենք նաև երևութային բացահայտումներ, որոնք ևս ոչ պակաս են, մասնավորապես, վերջերս ուսումնասիրություն իրականացվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում կապված ավտոմեքենաների հաշվառման համարանիշների գնման գործընթացի հետ։ Խնդիրը կայանում էր նրանում, որ 2008 թվականից սկսած միշտ նույն կազմակերպությունը հաղթում էր այդ գնման գործընթացում, սակայն ուսումնասիրություն իրականացվեց գնման գործընթացի մասով և հարուցվեց քերական գործ։ Քրեական գործը հարուցվել է պաշտոնական դիրքը չարաշահելու հանգամանքով՝ 308, 311-րդ հոդվածներով և այստեղ կարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ հունիսի սկզբին նորից ոստիկանությունը գնման գործընթաց է հայտարարել պետական հաշվառման համարանիշների ավտոմեքենաների և հատկանշական է այն, որ նույն «Վիլսոն» ընկերությունը, որը 2008 թվականից միշտ հաղթել է այս պահին առաջարկում է 40 տոկոս նվազեցված գին, ինչը խոսում է իմ վերը նշած արդյունավետության գործընթացի մասին», - ասաց Ռաֆայել Զաքարյանը։

ՊՎԾ-ն վարչապետին կից գործող կառույցը է, ուսումնասիրություններից շատերն իրականացվում են հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով: Թե առաջիկայում որ կառույցներում են ուսումնասիրութուններ լինելու, աշխատանքի արդյունավետության շահերից ելնելով չեն հրապարակում: Չեն բացառում ուսումնասիրությունը նաև ԱԱԾ-ում։

Հիշեցնենք, պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի գործի նախաքննությունը իրականացրել էր հենց ԱԱԾ-ն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG