Մատչելիության հղումներ

Հրազենային վնասվածքից մահացած զինվորի ազգականը չի հավատում ինքնասպանության վարկածին


Մարտական դիրքի դիտակետում հուլիսի 20-ին ճակատից ստացած հրազենային վնասվածքից մահացած Համիկ Վարդանյանը, ըստ Զինվորական քննչական գլխավոր վարչության, ինքնասպան է եղել:

Դեպքի առթիվ քրգործ է հարուցվել սպառնալիքի, դաժան վերաբուրմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով:

2000 թվականին ծնված և այս հունվարին ծառայության մեկնած Համիկն ընտանիքի միակ երեխան էր: Նրա տատիկի եղբայրը՝ Մայիս Խաչատրյանը «Ազատությանը» պատմեց, որ Համիկը գրեթե ողջ գիտակից կյանքն անցկացրել էր Ռուսաստանի Դաշնությունում, զորակոչվելու տարիքը լրանալուն պես ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք՝ պարտքը կատարելու:

Խաչատրյանի խոսքով, Համիկը պինդ, խելացի տղա էր, վերջերս է արձակուրդ եկել և ոչ մի խնդիր չի ունեցել․ - «Իրա տատը 15 օր առաջ խոսացել ա հետը: Տատուն ասել ա՝ ես շատ լավ եմ, տատի ջան, ամեն ինչ նորմալ ա, ինձ սաղ սիրում, հարգում են, սաղի հետ լավ եմ: Էդ էրեխեն ոչ բողոք ա ունեցել, ոչ բան»:

Հարազատները ինքնասպանության պաշտոնական վարկածին չեն հավատում․ - «Ճակատից ո՞նց․․․ իրան գյուլլե՞լ ա: Լավ ա, մեջքից չի խփել իրան: Ըտենց էրեխա չէր, որ մեղք գործեր: Մարդը ինքն իրան տենց չի անի, Աստված չի ներում»:

Այդուհանդերձ զինվորի հարազատն առայժմ ոչ մեկին չի մեղադրում, ասում է, թե չի կարողանում հավատալ, որ տղային սպանել են։

Ինքնասպանության վարկածին չի հավատում նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որը տարիներ շարունակ զբաղվում է զինծառայողների իրավունքների պաշտպանությամբ․ - «Այն, ինչ որ տարածել է Քննչական կոմիտեն, հաղորդագրությունը, անհնար է հավատալ, որ դա ինքնասպանություն է: Նախ չեմ հասկանում, թե ինչպես են երկու ժամվա մեջ որոշել, որ դա ինքնասպանություն է, այն էլ՝ ճակատին կրակոցից: Թեև չեմ զարմանում․ Քննչական կոմիտեն նույնիսկ գլխի գագաթային մասին կրակոցն է դրել ինքնասպանություն»:

Ալեքսանյանը հայտնեց, որ բազմաթիվ անգամներ դատավարությունների է մասնակցել այսպիսի գործերով: Ըստ նրա, դատարաններն առանց բավարար ապացույցների կնքում էր դատախազության ինքնասպանության վարկածները:

Իրապաշտպանի խոսքով, Քննչական կոմիտեն, ինքնասպանության վարկածն առաջ բերելով, վիրավորում է ընտանիքների արժանապատվությունը․ - «Ինչքան պետք է շարունակվի: Լավագույն դեպքում մեղադրանք է առաջադրվում մի քանի զինծառայողների, որոնք 2-3 տարի կազատազրկվեն թե չէ: Շատ անգամ չեն ձերբակալվում: Ասեմ, որ երբեք որևէ սպա չի դատապարտվել, զորամասի հրամանատար, պատասխանատուներ»:

20 տարին չբոլորած Համիկ Վարդանյանի արձակուրդի ընթացքում հնչեցրած պնդումները, թե իր հետ ամեն ինչ կարգին է, Ալեքսանյանը պայմանավորում է զորամասում, բռնի, կրիմինալ մթնոլորտի առկայությամբ․ - «Բազմաթիվ դեպքեր կան, երբ տղան արձակուրդ է գալիս տուն, գնում է, և երկու օր հետո հայտնաբերում են նրա դին: Սա մի պարտադրանք է զորամասից՝ նրանից գումար շորթելու, պահանջելու: Մենք մի գործ ունենք՝ միակ գործը զինվորական դատաանում, որ հաղթել է Հայաստանի դեմ: Արմավիրից Մուրադյանը: Ուզել է զորամասի հրամանատարը գումար, այս տղան չի տարել և նա հալածվել է, էնքան են ծեծել մինչև մահացել է»:

Կյանքից վաղաժամ հեռացած զինծառայողի դեպքին այսօր անդրադարձել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ըստ էության կրկնելով պաշտոնական վարկածը․ - «Ունենք որոշ թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտելու զինծառայողի այդ հոգեվիճակը: Պետք էր շատ ավելի աշխատել: Հանձնարարությունները տրված են, ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննություն է ընթանում»:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործով առայժմ կալանավորված կամ կասկածյալ չկա:

Ըստ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի, ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG