Գյուղի բնակիչներից Խաչիկ Շարոյանը պատմում է, թե սկզբում մտածել են, թե փետրավորները շոգից են պաշտպանվում․ - «Տեսանք ցեխի գույնի են, մտածեցինք շոգ ա, գնացել են երևի իրանց ցեղել են, որ շոգից պաշտպանվեն: Բայց փաստորեն բանից դուս էկավ, որ էտի ցեխ չի, ինչ-որ յուղայնություն կա վրեքները»:
Արագիլները ոչ թե սեփական ցանկությամբ են զբոսնում, այլ պարզապես թռչել չեն կարողանում, նրան թևերը յուղոտ են․ այս ահազանգը մայրաքաղաք հասցրին բնապահպանները։
«Թռչունը չի կարող թռչել, ուղղակի չի թռչում», - ասում է «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը: - «Չի կարողանում սնվել, իր ձագուկների սնունդը ապահովել: Էդ թռչունը անկման ենթակա է»:
Ադամյանն ասում է, որ նախկինում էլ նման բան եղել է, սակայն պատճառը չի պարզվել և ահա կրկնությունը՝ ավելի մեծ ծավալով:
Բնապահպանական տեսչության բաժնի պետ Արթուր Բեգլարյանը հաստատում է, որ թռչունները կեղտոտ են, թռչել չեն կարողանում, և ենթադրում է․ - «Թռչունները ինչ-որ բանից գաղթակղված մոտեցել են, երևի սնունդն ա եղել պատճառը: Մոտեցել են, սկսել են սնվել էդ յուղային մասերով, երևի սննդային թափոններ են եղել նաև: Եվ դրանից հետո, յուղոտվելով, աղտոտվելով, դուրս են էկել տարածք, տարածքում փոշին, կեղտը նստել ա բմբուլների վրա, էդ փետուրները կորցրել են իրենց հատկությունը, որպեսզի թռչունը կարողանա թռչի»:
Հովտաշենի արագիլների 70 տոկոսն այս վիճակում է՝ սև, կեղտոտ, յուղի ու փոշու մեջ կորած: Կենդանաբանության ինստիտոտի մասնագետներն էլ են զննել նրանց ու հայտարարություն տարածել՝ իրավիճակը սոսկալի է, արագիլները թափառում են փողոցներում: Ինստիտուտի մասնագետները իրավիճակը որակում են որպես էկոլոգիական աղետ ու կոչ անում պատասխանատուներին պարզել աղտոտման աղբյուրը:
Առայժմ պարզ է դարձել, որ արագիլների փետուրներին սննդային յուղ է:
Բնապահպանական տեսչությունում ասացին, որ փորձաքննություններ են արվում՝ պարզելու, թե որտեղից է այդ յուղը․ - «Վերջնական լաբորատոր ուսումնասիրության արդյունքներում պարզ կլինի, թե կոնկրետ ինչ տեսակի յուղ ա, որ տնտեսվարողի մոտից կարող ա արտահոսք լինել: Չի բացառվում նաև անբարեխիղճ ֆիզիկական անձի գործունեությունը»:
Հովտաշենով անցնում է Հրազդան գետը, արագիլներն այս տեղանքում կեր հայթայթելու սովորույթ ունեն։ Մասիսի տարածաշրջանում բազմաթիվ ձկնաբուծարաններ կան, պահածոների գործարան: Թե որն է եղել աղտոտման աղբյուրը, դեռ պետք է պարզվի: Բնապահպանակաան տեսչությունից տեղեկացրին, որ նյութերը իրավապահներին են ուղարկելու:
«Պետք է հստակ հասկանալ, թե կոնկրետ ինչ սննդային յուղ է, որպեսզի մենք հետո կարողանանք պատկերացնենք, թե որ կոնկրետ որ արտադրության մեջ է այն օգտագործվել, և որտեղի է եղել արտանետումը», - «Ազատությանն» ասաց «TSE Դեպի կայուն համակարգեր» հասարակական կազմակեպության ղեկավար Կարեն Աղաբաբյանը:
Աղաբաբյանն է կամավորների հետ երեկ Հովտաշենում արագլիների համար բաղնիք կազմակերպել՝ լողացրել, մաքրել են այն փետրավորների թևերը, որ թռչել չէին կարողանում․ - «Շարունակում ենք իրենց հետևել՝ համոզվելու, որ իրենք կարճատև թռիչք գոնե կարողանում են անել, որպեսզի գիշատիչներից պահպանեն իրենց, և կարողանան տեղափոխումներ կատարել սնունդը հայթայթելու նպատակով»:
Հովտաշենցիներն էլ գիշեր ցերեկ արագիլների շարժին են հետևում:
«Ազգաբնակչությունը շատ հոգատար ա, որովհետև իրենց արագիլներն են», - ասաց համայնքի ղեկավար Սուրեն Մկրտչյանը:
Համայնքի ղեկավարն ու տեղակալը փորձարկում են արագիլների թչելու հնարավորությունները, սակայն առայժմ փետրավորները հույսերը չեն արդարացնում․ - «Մի հինգ օր առաջ վաբշե չէին թռնում, իսկ հիմի ահագին լավ ա»:
Հովտաշենում արագիլի 30 բույն կա, ամեն ընտանիքում՝ 3-4 բնակիչ: Ներքևում մնացածների համար 8 մետրանոց սյունը հաղթահարել ու տնեցիներին հասնելը դեռ խնդիր է: Հաջողում են կարճ հորիզոնական թռիչքներ։