Մատչելիության հղումներ

Դավիթ Տոնոյան․ Սահմանային որոշ հատվածներում առկա է վերահսկելի լարվածություն


Նախիջևանի հատվածում հուլիսի 17-ին հայ դիրքապահների ուղղությամբ արձակված կրակոցից հետո օպերատիվ կապ է հաստատվել ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Սահմանային որոշ հատվածներում, նախարարի գնահատմամբ, առկա է վերահսկելի լարվածություն, պատճառը ինժեներական աշխատանքներ են․ - «Կրակոցը եղել է ոչ նպատակային, ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի չկրկնվեն էդ դեպքերը»:

Նախարարը հավելեց, որ օգտագործվել է 2018֊ի սեպտեմբերին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև պայմանավորվածության արդյունքում ստեղծված օպերատիվ կապը․ - «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Միջնորդված կապ է սա, բայց խոսում ենք ոչ անմիջապես, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Նորմալ գործընթաց է սա, շատ դրական գործընթաց է»:

Նախարարը ռազմական անակնկալներ խոստացավ բանակի սպառազինության մասով: Բացի այդ, Տոնոյանը հստակեցրեց, որ ռուսաստանյան արտադրության ՍՈՒ-30 բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թվականի սկիզբը:

Պաշտպանության նախարարությունը փորձարկում է մասնավորի օգնությամբ զորամասերում զինվորների սնունդը նոր կարգով ապահովելու ծրագիրը: Փորձարկման փուլում գտնվող ծրագրի համաձայն, երեք տարվա ընթացքում բոլոր զորամասերում նույն ձևաչափով պետք է իրականացվի սննդի կազմակերպումը: Նախարարությունն ամեն ինչ անում է գործընթացն ավելի արագացնելու համար:

«Հաղթող կազմակերպությունները 6-ն են», - փոխանցեց նախարարը՝ արձագանքելով մեղադրանքերին, թե ներկայումս դեռևս 5 զորամասերում գործընթացն իրականացնող ընկերության սեփականատերը իր ընկերն է՝ շարունակելով․ - «Եվ վեց կազմակերպությունները հավասար պայմաններում իրականացնելու են այդ սննդի կազմակերպումը: Կան նաև չակերտավոր ասած բողոքող կազմակերպություններ, որոնք կապում են հաղթող կազմակերպությունները անձամբ ինձ հետ: Ես չեմ ժխտում, որ կազմակերպության ղեկավարը իմ խնդրանքով է դա կատարում հիմա, որովհետև ես ուրիշ վստահելի տարբերակ չունեի: Եթե ինքը չհաջողի, չեմ հաջողելու նաև ես»:

Քննադատությանը, թե ընկերությունը նախկինում զբաղվել է բժշկական սարքավորումների ու գործիքների մեծածախ առևտրով և սննդի ոլորտում աշխատանքի փորձ չունի, Տոնոյանն արձագանքում է․ - «Կան սննդի կազմակերպչական խնդիրներ և վարչարարության խնդիրներ: Իրենք զբաղվում են վարչարարությամբ: Սննդի կազմակերպմամբ զբաղվում են պրոֆեսիոնալները, որոնք այսօր Հայաստանում գոյություն չունեն»:

Նախարարը մասնավորի հետ աշխատանքում նաև անվտանգության խնդիր չի տեսնում: Ֆինանսական առումով միայն 3 տարուց հնարավոր կլինի համեմատականներ անցկացնել նախկին գործընթացի հետ:

Տոնոյանը չի բացառում նաև, որ նախկինում կոռուպցիոն ռիսկ է եղել․ - «Սա լավագույն տարբերակն է եղել, երբ որ պետություն - մասնավոր համագործակցության շրջանակներում սննդի որակը բարձրացվում է: Դա ակնհայտ է լինելու: Կլինի թանկ թե ավելի էժան, ժամանակը ցույց կտա: Բայց ես չեմ կարծում, որ մեր զինծառայողը պետք է ավելի էժան ուտի»:

Նախարարն ասաց, որ ծրագիրն իրականացնել սկսել են ուսումնական կենտրոններից զորամասերում․ - «Բացատրեմ, թե ինչու: Ուսումնականը բավականին դժվար է, փոփոխական անձնակազմ է: Եվ մենք մեր սերժանտներին, որպես մեր դեսպաններ, ուզում ենք ուղարկել զորամասեր, որ իրենք արդեն որակի վերաբերյալ իրենց պատկերացումն ունենան և տեղում կազմակերպեն: Մյուս հինգ կազմակերպությունները հենց մտնեն գործունեության մեջ, շատ արագ պրոցեսը գնալու է առաջ»:

Տոնոյանը լրագրողների հարցերին պատասխանեց ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառման ավարտին: Ռազմական հաստատությունների 244 շրջանավարտներ վարչապետից, նախարարից, ԱԱԾ պետից ու այլ բարձրաստիճան պաշտոնյանաներից ստացան իրենց սպայական կոչումներն ու դաշույնները:

Նախարարը չժխտեց՝ կցանկանային, որ նրանց թիվը ավելի մեծ լիներ․ - «Հետաքրքրությունը դեպի զինվորական գործ որոշակի նվազել էր, հիմա մենք աճ ենք արձանագրում: Որոշակի փոփոխություն է իրականացվում, և շատ հետաքրքիր է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում երբ որ մենք տալիս են Պաշտպանության նախարարության պատվերով տեղեր են հատկացվում տարկետման իրավունքով, և այդ երիտասարդները ապագայում սպա են լինելու, մենք ընդհանրապես այդ խնդիրը չենք ունենալու: Մենք հուսով ենք, որ մոտ տասը տոկոսը կմնա մեր շարքերում հետագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG