Իջևանում տեղի ունեցած անկարգությունների գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: 10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 2 նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է գրավով: Մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 258-րդ հոդվածի 4-րդ և 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից։
Հուլիսի 17-ին Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան - Վրաստան միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով ապօրինի անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվեցին, երբ ոստիկանները փորձեցին բացել ճանապարհը:
Իջևանում տեղի ունեցած բախման հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով: Հիվանդանոց էր դիմել նաև երկու քաղաքացիական անձ: