Մատչելիության հղումներ

Մենք վարում ենք բարձր աշխատավարձի քաղաքականություն․ վարչապետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով «Իմ քայլը հանուն Շիրակի» բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով էր Գյումրիում, ժամանելուն պես բազմաթիվ նամակներ ստացավ ու նաև գյումրեցիների դժգոհությունը լսեց:

Առաջին տաղավարը շրջելն ընդհատեց, քանի որ մի կին ամեն կերպ ցանկանում էր մոտենալ վարչապետին ու իր խնդիրը բարձրաձայնել:

Ընդհատված շրջայցը շարունակեց Նիկոլ Փաշինյանը: Տեղական արտադրողներից տեղական արտադրանքից նվերներ ստացավ, համտեսեց: Իսկ արհեստավորների տաղավարի մոտ երկաթը տաք-տաք ծեծեց:

70 տաղավարով շրջեց, հատ-հատ ծանոթացավ ու լսեց նաև, թե ինչ խնդիրներ ունեն: Գյումրեցի գործարարները հիմնականում իրացման շուկայի խնդիր ունեն:

Բիզնես ֆորումի բացման խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձավ հարկային փոփոխություններին, որոնք թույլ կտան մարզերում միկրոբիզնեսը զարգացնել:

«Մենք ընդունեցինք, նոր շերտ ստեղծեցինք Հայաստանի տնտեսության մեջ, ոչ թե ստեղծեցինք, այլ, ավելի ճիշտ, ձևակերպեցինք՝ այն անվանելով միկրոբիզնես, և 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները, որոշակի գործունեության տեսակի ընկերությունները կազատվեն ընդհանրապես բոլոր տեսակի հարկերից: Սրան գումարած՝ այս ընկերություններում ներգրավված աշխատողների համար եկամտային հարկը կլինի ոչ թե արդեն սահմանված 23 տոկոս, այլ՝ 5 հազար դրամ», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով․ - «Մենք սա շատ կարևորում ենք Հայաստանի քաղաքացիների շրջանում գործարար ակտիվությունը մեծացնելու համար, սա ըստ էության Կառավարության աջակցությունն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և կոչը նրանց՝ ի վերջո որոշակի գործունեություն ծավալել, և մենք այս մակարդակը դիտում ենք որպես աղքատության հաղթահարման կարևոր մի գործիք»:

Կենտրոնական բանկի տվյալները ներկայացրեց: Պարզվում է՝ այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 միլիոն դոլար ավելի գումար են ծախսել նախորդ տարվա համեմատ: Յուրաքանչյուր քաղաքացու համար տնտեսական գործունելություն ծավալելու հնարավորություն է ստեղծվում, բայց՝ միայն օրինական, ընդգծեց վարչապետը:

«Տնտեսական էն համակարգը, որը կապված էր ուղղակիորեն, արմատապես, օրգանապես կապված էր կոռուպցիոն համակարգի հետ, երբ որ տարբեր շարժառիթներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներքաշում, ներգրավում էին ապօրինի գործունեության մեջ, մենք այդ գործունեության ձևերին ուղիղ ձևով վերջ ենք տալու: Եվ ես էլի ուզում եմ ընդգծել, որ այստեղ կոմպրոմիս չի լինելու», - հայտարարեց Փաշինյանը:

Այս համատեքստում խոսեց Իջևանի դեպքերի մասին՝ նշելով, որ ապօրինին ծառ հատելն անընդունելի է, և որևէ կոմպրոմիս չի լինելու:

«Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում հնչում են ձայներ, որ, այ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարը ինչո՞ւ պիտի այդ ծավալով իրականացվի, չէ՞ որ դա ինչ-որ մարդկանց հացի փող է: Կներեք, սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև, հազար ներողություն եմ խնդրում, հազար դրամ վերցնող, օրինակ, երբեմնի ճանապարհային ոստիկանի հազար դրամն էլ իր ապրուստի փողն է, յուրաքանչյուր կոռուպցիոների վերցրած կաշառքը իր ապրուստի փողն է, կներեք՝ գողություն անողի ապրուստի փողը գողությունն է, ավազակություն անողի ապրուստի փողը ավազակությունն է, և ի՞նչ է առաջարկվում: Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու, որովհետև մենք կարծում ենք, որ ստեղծում ենք բավարար դաշտ, այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան», - ասաց վարչապետը:

Տնտեսական դաշտում անօրինականության դեմ պայքարի մեթոդները խստանալու են: Հաջորդ տարվանից կիրառվելիք համահարթ եկամտահարկի մասին էլ խոսեց վարչապետը՝ անդրադառնալով նաև քննադատություններին: «Մենք վարում ենք բարձր աշխատավարձի քաղաքականություն: Ապագայի մասին մեր պատկերացումը հենց դա է: Երբ որ հայտարարում ենք, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր, նաև դա նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցածր աշխատավարձային սեգմենտի աշխատուժ ընդհանրապես չպիտի լինի», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը եկել է այն եզրակացության, որ տեղական արտադրողին խրախուսողը հենց կառավարությունը պետք է լինի՝ որպես սպառող: «Պետական բոլոր ձեռնարկությունները իրենց գնումները պետք է պլանավորեն ոչ թե մի տարվա կտրվածքով, այլ՝ նվազագույնը հինգ, և պետք է ամեն ինչ անենք, որ, հիմնական արդյունավետ միջոցը այն է, որ մենք ամբողջ պետական համակարգի գնումները պլանավորենք տասը տարվա կտրվածքով», - նշեց Փաշինյանը:

Հայաստանի համար, ըստ վարչապետի, շատ կարևոր է հողային ռեֆոմի իրականացումը: «Մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն այն է, որ մեր աշխատուժի 30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսության մեջ, և մեր համախառն ներքին արդյունքի 14 տոկոսը գյուղատնտեսական արտադրանքն է: Սա մեր երկրի դասը կանխորոշող երևույթն է, և այս երևույթը մենք պետք է չհանդուրժենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունում պետք է գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի տեսակարար կշիռը շարունակաբար նվազի, և համապատասխանաբար ավելանա արդյունաբերության մեջ ներգրավված աշխատուժի տեսակարար կշիռը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի զարգացման հիմնական ուղղությունն է ըստ Փաշինյանի: «Օրենսդրական փոփոխություններով մենք կարողացանք ավելի լավ պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում փոքր տեխնոլոգիական ընկերությունների, սթարթափերի գործունեության համար, և մենք շարունակական վարելու ենք այս քաղաքականությունը: Եվ մեզ համար կարևոր է նաև Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրի շոշափելի զարգացումը», - ընդգծեց Կառավարության ղեկավարը:

Ժողովրդագրական խնդրի լուծման բանալին էլ է Կառավարությունը գտել: «Մենք համոզված ենք, որ Հայաստանում դեմոգրաֆիական խնդիրը կարող ենք լուծել ոչ միայն և ոչ այնքան որոշակի հասցեական սոցիալական ծրագրերով, որքան մենք դա կկարողանանք անել Հայաստանը իսկապես հզոր արդյունաբերական երկիր դարձնելու քաղաքականության արդյունավետ գործադրմամբ: Եվ հույս ունեմ, որ, և համոզված եմ, որ մենք սա կկարողանանք անել», - հայտարարեց վարչապետը:

Ֆորումի մասնակից գործարարներից մեկը պատրաստակամություն հայտնեց 1 միլիոն դոլարի ներդրում անել, Սոչիից ժամանած գյումրեցի գործարարն էլ պատրաստվում է դելֆինարիում բացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG