Գործարանում 23 աշխատատեղ կա: Թիվը թեև փոքր է, բայց պաշտոնյաների խոսքով, Ամասիայի նման համայնքում դա ձեռքբերում է համարվում: Գործարանի հիմնական աշխատողները կանայք են, որոնց մեծ մասն առաջին անգամ է աշխատում:
Խոշորացված Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանն ասում է, որ տարածաշրջանի գյուղերի համար սա լավ հնարավորություն է ոչխարաբուծության զարգացման համար․ - «Մարդկանց մոտ արդեն եղավ այն տպավորությունը, որ գործարանը ընդունում է բուրդը և իրենք շահագրգռգած կլինեն ավելի շատ ոչպարաբուծության զարգացմանը նպաստել, քանի որ բուրդը արժեվորվում է: Մինչև այդ բուրդը մարդիկ մի մասը ընտանիքների կարիքների համար էին օգտագործում, մի մասն էլ որպես աղբ թափվում էր, չէր օգտագործվում»:
Հայաստանում իր առաքելությունն ավարտող Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ իր համար շատ կարևոր է եղել հատկապես աղքատ մարզերի տնտեսական զարգացումը:
Դեսպանը վստահություն հայտնեց, որ իրեն հաջորդող դեսպանը կշարունակի նույն մոտեցումը․ - «Ես վստահ եմ, որ հաջորդ դեսպանը անպայման կշարունակի իմ սկսած քաղաքականությունը, քանի որ գալուս առաջին իսկ օրվանից ջանքերս կենտրոնացրել եմ հատկապես աղքատ տարածաշրջանների զարգացմանն ուղղված քաղաքականության վրա: Եվ ավելի քան վստահ եմ, որ իմ գնալուց հետո արդեն իսկ սկսված ծրագրերը հաջողությամբ ավարտին կհասցվեն, նաև նոր ծրագրեր կսկսվեն՝ ի նպաստ այս համայնքների զարգացմանը»:
Չորս տարի Հայաստանում աշխատած Սվիտալսկուն հավանաբար կփոխարինի գերմանացի դիվանագետ Անդրեա Վիկտորինը: Եվրամիության պաշտոնական կայքի համաձայն, ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հենց նրան է առաջադրել դեսպանի պաշտոնում: Վիկտորինն այս պահին զբաղեցնում է Բելառուսում Եվրամիության դեսպանի պաշտոնը:
Դեսպան Սվիտալսկին խուսափեց նոր դեսպանի անունը հնչեցնելուց՝ նկատելով, որ դիվանագիտական արարողակարգը թույլ չի տալիս, քանի դեռ նա իր հավատարմագրերը նախագահին չի հանձնել:
Բայցև շեշտեց՝ նոր դեսպանը «լավ լուծում է» Հայաստանի համար, շատ է սիրում Հայաստանը և մտերիմ է իր հետ:
Պյոտր Սվիտալսկին նաև ներկայացրեց, թե ինչ նոր ծրագրեր են իրականացվելու մարզերում․ - «Գերմանիայի ու Ավստրիայի մեր գործընկերները շուտով Հայաստանի հյուսիսային 3 մարզերում նոր ծրագրեր են իրականացնելու, որոնք ունենալու են հսկայական բյուջե՝ 35 մլն եվրո: Դրանք հիմնականում ուղղված կլինեն տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացմանը»:
Պյոտր Սվիտալսկին իրեն ճամփորդ դիվանագետ համարեց, քանի որ շաբաթվա առնվազն 2 օրն անցկացրել է մարզերում՝ տեսնելու իր աշխատանքի արդյունքը:
Իսկ Գյումրիում այսօր ավարտվեց դարձյալ Եվրամիության ֆինանսավորմամբ բացված «Ներառական փուռ-սրճարան» ծրագիրը: Հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողներն էին ընդգրկվել այս ծրագրում: Սոցիալական այս բիզնեսը արդեն կշարունակի գործել ինքնաֆինասավորմամբ:
Գյումրիում բացած ներառական սրճարանն առաջին է Հայաստանում: