«Սևան ազգային պարկի» Վարդենիսի, Նորատուսի և Մարտունու մասնաճյուղերի ափամերձ և ջրածածկ հատվածներում անտառամաքրման աշխատանքներ իրականացնող «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության տնօրինությունը յուրացրել է 24 միլիոն 630 դրամից ավելի գումար: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նախնական տվյալներով՝ 2013 թվականին բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերության միջև պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ ընկերությունը 2013-2015 թվականների ընթացքում պետք է 368 միլիոն 776 հազար320 դրամով «Սևան ազգային պարկի» Վարդենիսի, Նորատուսի և Մարտունու մասնաճյուղերի ափամերձ և ջրածածկ հատվածներում՝ ընդհանուր 285 հեկտար մակերեսով, անտառամաքրման աշխատանքներ իրականացներ։
Մաքրման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն է իրականացրել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունը։ 2015 թվականին կազմվել ու բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի և «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերության պաշտոնատար անձանց կողմից ստորագրվել են մաքրման աշխատանքների ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ կատարողական ակտեր, քանի որ «Ճամբարակի ճանապարհաշինարարական շահագործման ձեռնարկություն» բաց բաժնետիրական ընկերությունը մաքրման աշխատանքները փաստացի ամբողջ ծավալով չի կատարել։
Հաղորդագրությունում ասված է, որ բնապահպանության նախարարի հրամանով աշխատանքները վերջնական ընդունելու համար ստեղծված հանձնաժողովի անդամներն էլ, հանդիսանալով ժամանակավոր կարգադրիչ լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք, ստորագրել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու և դրանք ընդունելու վերաբերյալ կեղծ ակտ։
Գործն ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։
Հիշեցնենք, որ «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ իրավապահները կպարզեն, թե ինչպե՞ս են ծախսվել 2011-2017 թվականներին Սևանա լճի մաքրման համար պետբյուջեից հատկացված միլիոնավոր դրամները՝ նշելով, որ հնարավոր չարաշահումները բացահայտելու համար փաստաթղթեր են ուղարկել Գլխավոր դատախազություն:
Դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրել էին, որ դեռ դեկտեմբերին ստացված այդ փաստաթղթերն ուղարկել են ոստիկանություն, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից էլ հաղորդել էին՝ նյութեր են նախապատրաստվում, արդյունքը կհրապարակվի շուտով: