Մատչելիության հղումներ

Իջևանի բախումների գործով բերման է ենթարկվել 22 անձ, 13-ը ձերբակալված են


Ոստիկանական ուժերը Իջևանի կենտրոնական հրապարակում, 18-ը հուլիսի, 2019թ․
Ոստիկանական ուժերը Իջևանի կենտրոնական հրապարակում, 18-ը հուլիսի, 2019թ․

Չորեքշաբթի օրը Իջևանում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել 22 անձ, 3 անձ ներկայացել է ինքնակամ: Ինչպես «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը, այդ 22 անձանցից 13-ը ձերբակալված են, 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ 4 անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի կարգավիճակ:

«Այս պահին ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը, օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ», -այսօր առավոտյան «Ազատության» հետ զրույցում փոխանցեց Հարությունյանը:

Ըստ նրա՝ տվյալ պահին քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ որևէ անձ չունի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 3-րդ մասի առաջին կետով, 316-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով:

258-րդ հոդվածի 4-րդ մասով պատասխանատվություն է սահմանված զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, 316-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և բռնություն գործադրելու համար, մանրամասնեց Քննչական կոմիտեի խոսնակը:

Երեկ Իջևանում Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ ակցիան ոչ թե ժողովրդի ձայնն էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք: «Ազատության» հարցին՝ քրեական գործի շրջանակում այս վարկածը քննվո՞ւմ է, ո՞ւմ մասին է խոսքը, Նաիրա Հարությունյանն արձագանքեց․ - «Ազգային անվտանգության տնօրենը խոսեց ստացված օպերատիվ տվյալների մասին, և նշեմ, որ որևէ դեպքում օպերատիվ տվյալները չեն բացահայտվում, և օպերատիվ տվյալների ստացվման մասին, դրանց աղբյուրների վերաբերյալ տեղեկատվությունը համարվում է գաղտնիք: Հետևաբար՝ ես այս պահին չեմ էլ կարող բացահայտել, չեմ էլ կարող մանրամասնել: Բայց ուզում են նշել, որ նախաքննական մարմինը, այո, նաև այդ ուղղությամբ քննություն է կատարում»:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Դատախազությունից ստացել են Տավուշի մարզի երկու բնակչի հաղորդումները Իջևանում ոստիկանների կողմից առերևույթ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ։ Այժմ ծառայությունում այդ հաղորդումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։

Երկու օր առաջ Իջևանում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Բախումները սկսվել են, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը: 12 ոստիկան և 2 քաղաքացիական անձ վնասվածքներով տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն: «Վնասվածքները լուրջ չեն և վտանգավոր չեն: 8 հոգի այժմ հոսպիտալացված են Ոստիկանության հոսպիտալում, վիճակը բավարար է, 2-ը կմնան, 6 կգնան ամբուլատոր հսկողության տակ», - երեկ Կառավարության նիստի ժամանակ հաղորդել է փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG