Մատչելիության հղումներ

2011-2017թթ․ Սևանի մաքրման համար հատկացված միլիոնների գործով նյութեր են նախապատրաստվում


Իրավապահները կպարզեն, թե ինչպե՞ս են ծախսվել 2011-2017 թվականներին Սևանա լճի մաքրման համար պետբյուջեից հատկացված միլիոնավոր դրամները, «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, նշելով, որ հնարավոր չարաշահումները բացահայտելու համար փաստաթղթեր են ուղարկել Գլխավոր դատախազություն:

«Դատախազություն է փոխանցված ամբողջ փաթեթը, հիմա եթե դրա հիման վրա դատախազությունը կորոշի քրեական գործ հարուցի՝ կհարուցի, բայց նաև բազմաթիվ քրեական գործեր, Սևան ազգային պարկի հետ կապված, հարուցված են», - նշեց նախարարը:

Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեռ դեկտեմբերին ստացված այդ փաստաթղթերն ուղարկել են ոստիկանություն, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից էլ տեղեկացրին՝ նյութեր են նախապատրաստվում, արդյունքը կհրապարակվի շուտով:

Ըստ մասնագետների՝ Սևանա լճի կանաչելու պատճառներից մեկը ափերի ոչ պատշաճ մաքրումն է:

ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն օրերս խորհրդարանում Սևանա լճի հիմնախնդիրների վերաբերյալ ԲՀԿ֊ի հրավիրած քննարկման ընթացքում խոսել էր նաև ջրի տակ մնացած ու այդպես էլ չմաքրված կոճղերի մասին և ոչ միայն․ - «Վատ կազմակերպելու պատճառով շուրջ 700 հեկտար ծառերը կտրել են, կոճղերը մնացել են ջրի տակ և էսօր դա փտել է ու նույնպես մատակարարում է: 300 բնակարան՝ «Լավանդա» կազմակերպությունից, մնացել է ջրի տակ՝ իրենց հորատիպ զուգարաններով: Էս ամբողջը ջրի տակ մնացած է»:

Ջավադյանը ընդգծել էր՝ այս և մյուս խնդիրների մասին վարչապետին տեղեկացրել են, հստակ հանձնարարականներ են տրվել, դրանք կատարման փուլում են: Ընդգծեց, որ աշխատելու համար կարևոր պայմանները կան՝ գումար և կամք:

Այն, որ Սևանա լճի ափերի մաքրման համար հատկացված գումարները նպատակային չեն օգտագործվել, կամ գուցե նաև փոշիացվել են՝ կասկածներ ունի նաև ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

2011-2017 թվականներին բնապահպանության ոլորտը ղեկավարել են այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը, Արամայիս Գրիգորյանն ու Արծվիկ Մինասյանը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ այնպիսի տպավորություն է, որ այս իշխանությունն առհասարակ փորձում է չնկատել նախորդների արածն ու եղածը նրանց վրա բարդել:

«Ես հիմա տեսնում եմ առանձին դեպքերում նաև շոուի տարրեր, որովհետև երբ խոսում ենք 11-17թթ․ մասին, առնվազն գոնե պետք է բարի լինեն և հրապարակեն, թե այդ ընթացքում ինչ քրեական գործեր են հարուցվել նույն հարցի վերաբերյալ», - նշեց նա:

Մինասյանն ասաց, որ 1.5 տարի ոլորտը ղեկավարելու տարիներին, պարզել են, որ օրինակ՝ Սևանա լճի մաքրման աշխատանքները թերի են կատարվել ու այդ ընկերությանը հասանելիք վճարը մասամբ են վճարել: Պնդեց՝ 2017-ին էլ, օրինակ, երկու անգամ մրցույթ են հայտարարել, բայց ոչ մի կազմակերպություն չի դիմել լճի մաքրման աշխատանքները ստանձնելու համար: Պատմեց, որ կառավարությունում քննարկում է իրականացվել, որ լճի մաքրման աշխատանքները նաև Սևան ազգային պարկն իրականացնի, բայց իրենք դեմ են եղել, ասելով, որ այդ ՊՈԱԿ-ը չունի սարքավորումներ ու դա նրանց գործառույթների մեջ չի եղել, բայց վարչապետի հանձնարարականով այդ միջոցներն այդուհանդերձ հատկացվել են Սևան ազգային պարկին, հետո քրեական գործ է հարուցվել: Խնդիրը բազմակողմանի վերլուծել են ու առանձնացրել մի քանի պատճառ․ - «Առաջինը՝ ոչ հստակ պատկերացումը, թե այնուամենայնիվ ի՞նչ տարածքի մաքրման մասին է խոսքը գնում, երկրորդը՝ ի՞նչ տեխնոլոգիա պետք է կիրառվի մաքրման ժամանակ: Երրորդ պատճառը նա էր, որ դժվար վերահսկելի գործընթաց է դա, որովհետև դուք չգիտեք՝ ջրի բարձրացման արդյունքում ի վերջո ի՞նչ հատված մնաց ջրի տակ և դրանից ի՞նչ կենսաբանական զանգված է առաջանում»:

Արծվիկ Մինասյանը զարմացավ, թե ինչո՞ւ են իրեն հարցնում՝ արդյո՞ք այս ստուգումների արդյունքում ինքը կկանգնի օրենքի առաջ․ - «Բազմաթիվ քրեական գործերով ինձ կանչում են որպես վկա, և ես սկսում եմ արդեն տեսնել, որ այստեղ քաղաքական հետապնդման փորձեր են նաև սկսվում: Որևէ գործով նման կասկած իմ նկատմամբ կիրառելը ես հետապնդելու եմ մինչև վերջ, որովհետև չի կարող լինել էսօր շոուի տիրապետող որևէ մարդ, որը կփորձի արդար, նվիրված աշխատանքը վերածել սեփական քաղաքական շահերի հետապնդման որևէ գործողություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG