Մատչելիության հղումներ

Չարենցի տուն-թանգարանը հաճելի նվեր է մատուցում մեծ բանաստեղծի պոեզիայի երկրպագուներին


Մեր հանճարեղ պոետի ստեղծագործությունների յուրաքանչյուր նոր հրատարակություն չի կարող անտարբեր թողնել ընթերցողին, նրա պոեզիայի բազմահազար երկրպագուներից յուրաքանչյուրին, հատկապես, երբ խոսքը Չարենցի Արևելքին նվիրված թեմաներով և արևելյան տաղաչափական ձևերով գրված բանաստեղծությունների մասին է:

«Դեպի Արևելք»․ ահա այս խորագիրն է կրում օրերս լույս տեսած Չարենցի նոր գիրքը, որը հրատարակվել Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի նախաձեռնությամբ և թանգարանի բոլոր աշխատակիցների ջանքերով․ - «Երկու տարի մտմտում ենք, պրտպտում էին էդ գրքի շուրջ, վերջապես ծնվեց գիրքը: Գիրքը ձևավորել է Ֆենդինանդ Մանուկյանը: Նրա նկարչությունը ինձ համար բացառիկ նկարչություն է, և ինքը որպես մարդ ինձ համար բացառիկ մարդ է: Եվ ես ուզեցի ինքս ինձ մեծարելու համար անունս կապեմ Ֆերդինանդ Մանուկյանի հետ»:

Ֆենդինանդ Մանուկյանն իր հերթին ասաց․ - «Ես շատ ցնծությամբ ընդունեցի [առաջարկը], որովհետև այս օջախը, որտեղ մենք հիմա կանգնած ենք, սա սրբավայր է»:

Հայտնի փաստ է, որ Չարենցը մի յուրահատուկ կապվածություն է ունեցել Արևելքի, Արևելքի պոեզիայի ու արվեստի նկատմամբ և, ահա, այս տարի հիմնադրման 55-ամյակը նշող նրա բանաստեղծի տուն-թանգարանն այս ժողովածուի հրատարակությամբ մեկ անգամ ևս նրա պոեզիայի երկրպագուներին է մատուցում ոչ միայն նրա արևելյան թեմաներով հանճարեղ բանաստեղծությունները, այլև տուն-թանգարանում պահվող բանաստեղծի համար շատ սիրելի, այսօր արդեն չարենցյան հայտնի մասունքներ համարվող արևելյան իրերի լուսանկարները:

Դրանցից մեկը, ի դեպ, շատ ուշագրավ պատմություն ունի: Այն կապված է մեր պոեզիայի մեկ այլ մեծի՝ Ավետիք Իսահակյանի հետ: Իսահակյանը նույնպես հայտնի է Արևելքի պոեզիայի, արվեստի ու գրականության հանդեպ իր կապվածությամբ: Եվ ահա չարենցյան այս նոր ժողովածուի օրերս կայացած շնորհանդեսի ժամանակ Ավետիք Իսահակյանի թոռը՝ անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ավիկ Իսահակյանը, մատնանշելով այս նոր գրքում տեղ գտած արձանիկի լուսանկարը, շնորհանդեսի մասնակիցներին պատմեց հետևյալը․ - «Դա Լաո Ցզեի արձանիկն է, Չինաստան, 19-րդ դար: Չարենցի նվերը Ավետիք Իսահակյանին: Արձանիկի տակ գրված է՝ «Սիրելի Ավետիքին: Չարենց, 24-ը հունիսի, 37 թիվ: 37 թվի հունիսի 24-ի օրը Չարենցը զանգ ա տալիս մեր տուն, ասում ա՝ Ավետիք ջան, Բելային ուղարկի (մորս), մի քանի բան ուզում եմ քեզ հիշատակ թողնել: Եվ երբ որ Մաման գնում է այդ օրը, տրամադրությունը, ասում ա, բավական վատն էր Չարենցի: Ասում ա՝ Բելա ջան, ուզում եմ Ավետիքին մի քանի բան ուղարկեմ: Կարծես թե, ասում ա, սիրտը վկայում էր, որ այլևս մենք չենք հանդիպելու»:

«Ազատության» հարցին, թե որն է պատճառը, որ թե՛ Թումանյանը, թե՛ Իսահակյանը, թե՛ Չարենցն այդքան մեծ կապվածություն են ունեցել արևելյան պոզիային, փիլիսոփայությանն ու մշակույթին, Ավիկ Իսահակյանը պատասխանեց․ - «Գենետիկորեն Արևելքին մոտ ենք գտնվում, Արևելքը զարմանալի հարուստ ա իր հնագույն պոեզիայով, մտածողությամբ, փիլիսոփայությամբ: Պատահական չի, որ Չարենցն էլ, Իսահակյանն էլ տարվել են բուդդիզմով: Չարենցն էլ, Թումանյանն էլ սիրել են Ֆիրդուսուն, Օմար Խայամին»:

Չարենցի տուն-թանգարանը, տնօրեն Անահիտ Ասատրյանի փոխանցմամբ, նախատեսում է մեկ այլ ժողովածուի տպագրություն․ - «Եթե հանկարծ նախարարությունը լսի այս խոսքը և իմանա, ես մեծ ցանկություն ունեմ նաև Չարենցի հատընտիրը անելու:Ֆինանսի խնդիր է: Այս մեկը համար ֆինանսը ես չգիտեմ մենք ինչ ֆոկուս արեցինք, որ այս ֆինանսը կարողացանք ձեռք բերել: Մենք կտրեցինք մեզ էլեկտրաէներգիայից, մենք կտրեցինք մեզ կենցաղային բաներից, մենք կտրեցինք մեր բոլոր ծախսերից, որպեսզի կարողանանք էս գիրքը անել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG