Մատչելիության հղումներ

Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԲԴԽ նիստը հետաձգվեց


Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ այսօր հրավիրված նիստին ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն օրենքին հղում արեց ու հայտարարեց՝ նորընտիր անդամն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելու օրվանից։ Իսկ եթե 1 տարվա ընթացքում անդամը նիստերից անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ բացակայում է, նրա լիազորությունները դադարեցվում են։

«Հիմա հարց է առաջանում՝ եթե տիկին Տավարացյանը իր պաշտոնական պարտականությունները ստանձնել է 2018 թվականի նոյեմբերի 8-ից, ապա ինչու տիկին Տավարացյանը մինչև այժմ որևէ անգամ չի եղել ներկա մասնագիտական խորհրդի նիստերին»« - շեշտեց Բեքմեզյանը:

Նախշուն Տավարացյանը, թեև Բարձրագույն դատական խորհրդի անդամ էր ընտրվել 2018 թվականի նոյեմբերի 8-ին ու հրաժարվել այդ պաշտոնից, լիազորորությունները ստանձնեց 8 ամիս անց՝ երդվելով հուլիսի 11-ին։ Տավարացյանը ընտրվել էր գենդերային սկզբունքը պահպանելու օրենսդրական պահանջի արդյունքում։ Տավարացյանը մրցակիցներից անհամեմատ քիչ ձայն էր ստացել։ Նա հրաժարական ներկայացնելու ցանկությունը պայմանավորել էր իր ընտրությունից հետո առաջացած իրավիճակով, երբ գործընկեր դատավորները լքել էին ժողովի սենյակը։ Այսօր էլ պարզաբանեց՝ ստեղծված իրավիճակից ելնելով՝ հարկադրված է եղել հրաժարվել երդումից։

«Ինձ հետ մրցակցող գործընկերները այնպիսի արգելքներ ստեղծեցին, այնպիսի իրավիճակ ստեղծվեց… եթե նրանք հուլիսի 11-ին իրենք նորից ինձ հետ մրցակցեին, ես դարձյալ երդում չէի տալու», - նշեց նա:

Տավարացյանն ասաց, թե ԲԴԽ անդամի պաշտոնն իր համար կյանքի հարց չէ։ Հետո էլ պարզաբանեց, թե ինչու չի մասնակցել նիստերին․ - «Ուզում եմ պրն. Բեքեմզյանին հիշեցնել, որ եթե դուք ձեր ափից հոտ քաշելով մասնակցում եք Բարձրագույն դատական խորհրդի նիստերին և գիտեք, որ այդ օր Բարձրագույն դատական խորհրդի նիստ է լինելու՝ առանց դատական դեպարտամենտի ծանուցման, ուրեմն ես ձեզ ասելու բան չունեմ»:

Նախշուն Տավարացյանի խոսքով՝ ինքը դատական դեպարտամենտից այս ընթացքում 2 ծանուցում է ստացել, մեկը՝ հուլիսի 11-ի դատավորների ընդհանուր ժողովի , իսկ մյուսն էլ այսօր հրավիրված նիստի վերաբերյալ։ Տավարացյանը վրդովվեց՝ եթե ժողով չի եղել, ինքը որտե՞ղ գնար երդվեր: Նա հավելեց, թե օրենքում բաց կա։ Նշված չէ` ընտրվելուց հետո դատավոր անդամը երբ պետք է երդվի․ - «Այս հարցի հետ կապված կազուսային իրավիճակ առաջացավ դատական օրենսգրքում, որպես իրավաբան-գիտնականի ձեռնամուխ եղեք այս կազուսային իրավիճակը շտկել, այլ ոչ թե Նախշուն Տավարացյանին դարձրել եք հանրահայտ քննարկման թեմա»:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նիստը հրավիրել էին խորհրդի 9 անդամներից 3-ը՝ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանն ու Հայկ Հովհաննիսյանը։ Նիստն այսօր հետաձգվեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG