Մատչելիության հղումներ

Զինծառայողը հիվանդ է, թե սիմուլյանտ․ հարցը պատասխան չի գտնում մեկ տարի


Շարքային Յուրիկ Բրոյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը պնդում է՝ ռազմական ոստիկանությունում պահվող զինվորի վիճակն այսօր ավելի վատ է, քան տեսանյութում էր, որ հինգ ամիս առաջ է արվել։

«Այդ ցնցումները որևէ դեղամիջոցով չեն անցնում, էլ ավելի են բարդացել և նույնիսկ ինքն իր խնամքը չի կարող կազմակերպել, ուր մնաց զինվորական ծառայության անցնի», - ասաց Սարգսյանը։

Յուրիկ Բրոյանը հիվանդ է, թե սիմուլյանտ. այս հարցը պատասխան չի գտնում շուրջ մեկ տարի։ Զինվորը բանակ է զորակոչվել նախորդ տարի օգոստոսի 11-ին, ռազմաբժշկական հանձնաժողովը «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ նրան պիտանի է ճանաչել սահմանափակումներով։

Մայրը՝ Մարինե Բրոյանը պատմում է. «Փոքրուց ինքը անընդհատ խնդիրներ է ունեցել մեկուսացված վիճակում, նույնիսկ եղբայրների հետ չէր շփվում, բարձր ձայնը, երաժշտությունը վրեն ազդում էր, պահի տակ բռնկվում էր։ Միշտ ինքը մեկուսացված վիճակում էր»։

Խնդիրներն, ըստ մոր, սկսվել են ծառայությունից անմիջապես հետո. զինվորը նախ ծեծվել է սպայի կողմից, որովհետև հրաժարվել է գետնից վերցնել ծխախոտի մնացորդը, հետո ածելիով կտրել է ձեռքի երակները, հայտնվել Ստեփանակերտի հոգեբուժական բաժանմունքնում։

«Ինձ զանգահարեց մի լավ ծնող, մայր հիվանդանոցից, ասեց՝ «Յուրիկի մայրն եք», ասեցի՝ այո, ասեց՝ «եթե հնարավոր է, կարող ե՞ք, հասեք ձեր էրեխուն, ձեր երեխան շատ վատ վիճակում է», - նշեց Բրոյանը։

Ծառայության անցնելուց մեկ ամիս էլ չանցած՝ զինվորը հասել է Կանազի հոգեբուժական բաժանմունք, այստեղ էլ, ըստ մոր, իրենից կաշառք են ուզել, բռնություն կիրառել, որդուն ծաղրել։

Այս ամենն այժմ քրեական գործերում է. երեք տարբեր գործեր են հարուցված։
Զինվորի խնդրով ամիսներ շարունակ զբաղվում է լրագրողներ հանուն մարդու իավունքների հասարակական կազմակերպությունը։ Նրանց փաստաբան Հայարփի Սարգսյանի խոսքով՝ Յուրիկ Բրոյանը նաև Ռազմական ոստիկանությունում է բռնության ենթարկվել։

«Ճաշն են լցրել նրա դեմքին՝ մտածելով, որ սիմուլյանտ է, հաց չի ուտում։ Դրանից հետո սկսել է ցնցումները իր մոտ, գլխի ցնցումն է շատ ուժեղ», - ընդգծեց Սարգսյանը։

Զինծառայողն այժմ ոստիկանության մեկ այլ ստորաբաժանումում է, մինչև այդ Նուբարաշենի հոգեբուժական հաստատությունում էր։

«Գրություն է ուղարկվել պատգամավորի կողմից՝ Սոֆյա Հովսեփյանի, որպեսզի արագացնեն այդ գործընթացը, եթե անելու են արագ կազմակերպեն, որովհետև Ռազմական ոստիկանությունում, ինչպես արդեն նշեցի չեն կարող իրեն պահել և ներկայիս առողջական վիճակից ելնելով անհրաժեշտ է հիմա կազմակերպել այդ նիստը և որոշել պիտանի լինել, չլինելու հարցը», - ասաց փաստաբանը։

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանի տեղեկացմամբ՝ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը զինծառայության պիտանելիության վերաբերյալ նոր որոշում կկայացնի։

«Համացանցում արդեն տարածվել է, որ որևէ մեկը ուշադրություն չի դարձնում որևէ մեկը քայլեր չի անում այն դեպքում, որ դրանց լուսաբանման կարիքը չի եղել իրապես և բոլոր ոլորտները իրենց տեղում աշխատել են և այսօր արդեն տեղեկացրեցին, որ Պաշտպանության նախարարության բուժվարչության ուղեգիրը ուղարկել է արդեն կենտրոնական բժշկական կոմիսիային և այնտեղից արդեն կտան մյուս ուղեգիրը, որով տղան կգնա Կանազ հոսպիտալ զննում անցնելու։ 15 օր պետք է դիտման փուլում լինի և հետագայում նոր տան եզրակացնություն՝ պիտանի՞ է ծառայությանը, թե՞ ոչ պիտանի է և ազատվում է», - նշեց Հովսեփյանը։

Պատգամավորը շեշտում է՝ պետք է բարեխիղճ փորձաքննություն, չի կարծում, որ տեղին է ճնշումը պաշտպանական գերատեսչության ուղղությամբ. «Եթե սա լինի ճնշում, ապա պատկերացրեք յուրաքանչյուր ոք կկարողանա այսպես ճնշելով ազատվել բանակից։ Սա պետք է հստակ մենք գիտակցենք, եթե զինվորի կյանքի և առողջության համար ենք մենք պայքարում, ապա բառացիորեն մեր շահը պետք է լինի իր առողջական վիճակը»։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարի ընդունված որոշմամբ հիվանդությունների մի խումբ թեթևացվել ու համարվել են զորակոչման ենթակա, այս թվում՝ մտավոր հետամնացությունը, այժմ առաջարկում են փոփոխել այդ որոշումը։

«Պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է նման փոփոխություն կատարել կառավարության որոշման և առաջիկայում հնարավոր է նման որոշում կայացվի», - ասաց Հովհաննսիյանը։

Թե ինչպիսի՞ն կլինի այդ դեպքում շուրջ մեկ տարի ձգվող այս պատմության հանգուցալուծումը, ՊՆ մամուլի խոսնակը պատասխանեց. «Փաստը հետևյալն է, այդ իրավիճակով ինքը ենթակա չի զորացրման։ Որևէ օրենք մեզ թույլ չի տալիս իրան զորացրել, մնացածը բառախաղեր են, սրտի ցանկություններ ու կենացներ են, որոնց վրա խաղում են իրա իրավապաշտպանները»։

Մարդու իրավունքների պաշտպանն էլ շեշտում է՝ աշխատակազմից տղային այցելում են, պիտանելիության փորձաքննությունը պետք է արագացվի։

«Հարցը հրատապ, արդիական է և մանավանդ զինծառայողի է վերաբերում, պետք է առավել զգուշորեն, ուշադրությամբ մոտենալ։ Մենք կապի մեջ ենք նաև ռազմաբժշկական հանձնաժողովի հետ», - ընդգծեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հետաքրքիր փաստեր են Բրոյանի բժշկական փաստաթղթերում, նրա ծառայության անցնելուց շաբաթներ անց, ինքնավնասումից հետո զորամասի սպա հոգեբանն է գրել-միջնորդել. «տղան նյարդերին չի տիրապետում, նրան հնարավոր չէ պահել զորամասում»։

Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության մեջ էլ շեշտված է՝ Բրոյանի մոտ իրավիճակային հակազդման արտաքին դրսևորում է, ոչ սիմուլյացիա։ Մայրը պնդում է՝ այս ամբողջ ընթացքում որդու վիճակը միայն վատացել է. Նուբարաշենից որդուն տուն է տարել լողացրել, կերակրել, իսկ նախարարությունը դա համարեց փախուստ։

«Քայլել չի կարողանում՝ ի՞նչ փախուստ», - ասում է Մարինե Բրոյանը, որ ռազմական ոստիկանության դարպասների մոտ սպասում է արդարության։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG