Մատչելիության հղումներ

Քրեակատարողական հիմնարկներում հրատապ է բժշկական ծառայությունների հարցը․ օմբուդսմեն


Քրեակատարողական հիմնարկներում հրատապությամբ առաջնային խնդիր է համարվում բժշկական ծառայությունների հարցը, անդրադառնալով փակ հաստատություններում մարդու իրավունքների վիճակին, այսօր հայտարարեց օմբուդսմեն Արման Թաթոյանը։

«Այսօր քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձինք չեն վստահում բժիշկներին, այսինքն կա ցածր վստահելիության մակարդակ, և դա պայմանավորված է նրանով, որ տարիներ ի վեր առկա համակարգը այնպես է կառուցված եղել, որ բժիշկը ընդամենը դիտվում է որպես քրեակատարողական ծառայող և ազատությունից զրկված մարդն էլ բժշկին չի դիտարկում որպես բժիշկ և նա էլ որպես պացիենտ», - մանրամասնեց Թաթոյանը՝ շարունակելով․ - «Շատ կարևոր է նաև բժշկական անձնակազմի համալրվածության, վերապատրաստման հարցը: Այսօր քրեակատարողական հիմնարկներում լուրջ խնդիր է կոնկրետ մասնագիտություններով բժիշկների առկայությունը: Մենք ունենք քրեակատարողական հիմնարկ, որտեղ առհասարակ բժիշկ չկա»:

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերին՝ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց՝ Հայաստանում մինչ այս պահը գոյություն չունի մահվան դեպքերի կամ ինքնասպանությունների կանխարգելման ռազմավարական ծրագիր։

«Դեպքից դեպք է, որ իրականացվում է քննություն և չի իրականացվում արդյունքների ամփոփում, որպեսզի համալիր միջոցներ ձեռնարկվեն, վեր հանվեն պատճառներն ու նպաստող պայմանները՝ այդ խնդրի լուծման ուղղությամբ», - նշեց օբմուդսմենը:

2013-16թթ․ արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Թաթոյանը ներկայացրեց խոշտանգման հանցակազմի կիրառությանն առնչվող վիճակագրական տվյալներ։ Ասաց՝ 2015-ից մինչ այսօր որևէ մեղադրական դատավճիռ չի արձանագրվել․ - «2015-ի հունիսից քննվել է 113 քրեական գործ, որից 84-ը կարճվել է, 7 քրեական գործով վարույթը կասեցվել է: 4 քրեական գործ ուղարկվել է դատարան, որոնցից 1-ով արդարացվել է և 9 քրեական գործով շարունակվում է նախաքննությունը: Ուզում եմ հատուկ նշել՝ այս հոդվածով որևէ անգամ չի արձանագրվել դատապարտման դեպք: Սա շատ վատ է մեր դատական, իրավապահ պրակտիկայի համար»:

Թաթոյանը հավելեց՝ բոլոր այն տրանսպորտային միջոցները, որոնցով ուղեկցում են ազատությունից զրկված անձանց, չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Արձանագրել են, որ ազատազրկված անձանց ժամանակավոր պահման համար դատարաններում նախատեսված խցերը ևս հարմարեցված չեն։ Ավելին՝ կան դատարաններ, որտեղ այդ խցերը առհասարակ բացակայում են։

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրների շուրջ առաջիկայում անդրադարձ կկատարեն։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ քրեակատարողական հիմնարկներում խնդիրները լուծելուն ուղղված պետության քայլերը շատ դանդաղ են:

«Քրեակատարողականների բուժհաստատությունները պետք է հանվեն քրեակատարողական վարչության ենթակայության տակից, որովհետև իրենք անկախ չեն։ Կառավարությունը պիտի վերանայի պարտադիր դեղորայքի այն ցանկը, որը տրվում է քրեակատարողականներում, որովհետև էնտեղ անալգին, վալերիանկա, սանտավիկ և մի երկու սրտի դեղերից բացի չկան այն դեղերը, որոնք այսօր անհրաժեշտ են բավականին լուրջ հիվանդություններով տառապող դատապարտյալներին և կալանավորներին», - հայտարարեց Զոհրաբյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ կարևորեց նաև այն փաստը, որ թե՛ բժիշկները, թե՛ հոգեբանները «մասսայաբար» հրաժարվում են աշխատել քրեակատարողական հիմնարկներում՝ ցածր աշխատավարձի և վատ պայմանների պատճառով:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մշակվել է «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգը Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում, որը ազատությունից զրկված անձանց, նրանց մերձավորներին կամ ցանկացած այլ անձի կտրամադրի խորհրդատվություն հիմնական իրավունքների վերաբերյալ: Համակարգը պարունակում է մոտ 300 հարց։ Այն հնարավորություն է տալիս գտնել այն հարցի պատասխանը, որը առնչվում է ազատությունից զրկվածին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG